Քննարկվել է «Գյուղատնտեսական կոոպերացիայի մասին» օրենքի նախագծի մշակման գործընթացը

Լուսանկարը` minagro.am-ի

Ապրիլի 30-ին գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել նախարարության համապատասխան ստորաբաժանումների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին` քննարկելու «Գյուղատնտեսական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման գործընթացը, հաղորդում են գյուղնախարարության մամուլի ծառայությունից:

«Պարենային ապահովության տեղեկատվական համակարգի հիման վրա կայացվող որոշումների բարելավման Եվրոպական հանձնաժողովի Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ մշակվող արդիական այդ փաստաթղթի համար անչափ կարևոր է «Կոոպերատիվների օրենսդրական բարեփոխումների Հայաստանի համար նախատեսված ուղեցույցը»: Վերջինս շնորհանդեսին ներկայացրել է Ծրագրի մշակման աշխատանքային խմբի անդամ, Տ.Գ.Թ – դոցենտ Վարդան Ուռուտյանը:

Ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում  մասնակիցներն անդրադարձել են կոոպերատիվների կարևորության, վերջիններիս տնտեսական ազդեցության, սոցիալական արժեքի, միջազգային իրավական հիմքերի և օրենսդրական կարգավորման ներկայացված կարևոր այլ հարցերի:

Ամփոփելով քննարկումը` նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը  մեկ անգամ ևս կարևորել է նշված օրենքի անհրաժեշտությունը Հայաստանի գյուղատնտեսության համար և գոհունակություն հայտնեց օրենքի նախագծի մշակման գործընթացի վերաբերյալ: