Ս. Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Ավստրալիայի նորանշանակ դեսպան Փ. Մայլերը

Նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 30-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Փոլ Մայլերը (նստավայրը` Մոսկվա), հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպան Մայլերը կներդնի անհրաժեշտ բոլոր ջանքերը հայ-ավստրալիական համագործակցության օրակարգն ընդլայնելու և երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու նպատակով: Հանդիպման ժամանակ նախագահը և Ավստրալիայի դեսպանը երկկողմ կապերի ամրապնդման գործում կարևորել են նաև Ավստրալիայի հայ համայնքի դերը:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր և գործադիր մարմիններին՝ ԼՂՀ անկախության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին արժեքավոր աջակցության համար: Նախագահը բարձր է գնահատել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում հայ-ավստրալական փոխգործակցությունը:

Դեսպան Փոլ Մայլերը վստահեցրել է Սերժ Սարգսյանին, որ կանի ամեն հնարավորը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների ներկայիս ամուր հիմքի վրա Հայաստանի և Ավստրալիայի միջև կապերի հետագա խորացմանն ու ամրապնդմանը:

Մեկնաբանել