Երևանի քաղաքապետարանում ոչ թե չարաշահումներ, այլ թերություններ են հայտնաբերել. պարզաբանում

Լուսանկարը` yerevan.am-ի

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված «Վերահսկիչ պալատը Երևանի քաղաքապետարանում չարաշահումներ է հայտնաբերել» տեղեկատվության և թեմայի շուրջ լրահոսում տեղ գտած նյութերի կապակցությամբ:

Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. «Երևանի քաղաքապետարանում ՀՀ վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ոչ թե չարաշահումներ, ինչպես նշված է նյութում, այլ թերություններ, որոնք կարող են ի հայտ գալ ցանկացած մեծածավալ աշխատանքում: Մասնավորապես` շինարարությանն ու հիմնանորոգման աշխատանքներին առնչվող դեպքերի պարագայում այդ թերություններն ի հայտ են եկել աշխատանքների կատարման ընթացքում և աշխատանքների ավարտի պահին, ինչի արդյունքում իրականացվել են շտկումներ, ինչպես նաև հստակ կատարվել են դեռևս չիրականացված ծավալները։

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Նոր բարեկարգում» ՓԲԸ-ի կողմից Եռաբլուրի անտառպուրակի Իսակովի պողոտային հարող լանջում իրականացված կանաչ տարածքի հիմնման աշխատանքներին, ապա այն չի կարող որակվել որպես չարաշահում, քանի որ անտառ-պուրակի հիմնման արդյունքում ծառերի չորանալու փաստն արձանագրելով` Երևանի քաղաքապետարանը այդ աշխատանքների համար որևէ լումա չի փոխանցել ընկերությանը»:

Մեկնաբանել