Եվրախորհրդարանի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին, լռությամբ հարգեցին մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտել ցուցանմուշները։

Պատվիրակության ղեկավար Մարտին Քալանան գրառում է կատարել հուշամատյանում. «Շատ կարևոր է, որ մենք բոլորս՝ քաղաքական գործիչներն այնպես անեն, որպեսզի երբևէ նման բան տեղի չունենա։ Նրանք, ովքեր մոռանում են պատմությունը՝ դատապարտված են կրկին սխալներ թույլ տալու»։

«Սարսափելի իրադարձություններ են տեղի ունեցել։ Ժամանակակից քաղաքականության համար կարևոր է, որ մենք դասեր քաղենք այն ամենից, ինչ տեղի է ունեցել անցյալում, որպեսզի նման բաներ չկրկնվեն»,- ասել է Մարտին Քալանան լրագրողների հետ զրույցում:

Մեկնաբանել