Նիդեռլանդների թագուհին գահը փոխանցեց որդուն

Ամստերդամում տեղի է ունեցել Նիդեռլանդների 75-ամյա թագուհի Բեատրիքսի՝ գահից հրաժարվելու պաշտոնական արարողությունը։ Նա թագը փոխանցել է որդուն՝ Օրանի արքայազն Վիլեմ Ալեքսանդրին, հաղորդում է BBC-ն։

Բեատրիքսը պաշտոնապես հրաժարվել է գահից Ամստերդամում՝ թագավորական պալատում տեղի ունեցած կարճատև արարողության ժամանակ։ Երկրի նոր միապետը երդվել է պալատի մոտ գտնվող Nieuwe Kerk եկեղեցում։ Իր ելույթում Վիլեմ Ալեքսանդրը հայտարարել է, որ ցանկանում է ժամանակակից միապետ լինել։ Նա նաև ասել է, որ փնտրելու է այն, ինչը կկարողանա համախմբել ժողովրդին հեշտ ու դժվար պահերին։

46-ամյա Վիլեմ Ալեքսանդրը Նիդեռլանդների առաջին թագավորն է 1890թ. մահացած Վիլեմ 3-րդից հետո։ Վերջինիս միայն թագուհիներ են հաջորդել։ Բեատրիքսը գահ է բարձրացել 1980-ին։

Գահից հրաժարվելու մտադրության մասին թագուհին պաշտոնապես հայտարարել էր այս տարվա հունվարին։ Նա ասել էր, որ իր որդին պատրաստ է կառավարել երկիրը, և որ ժամանակն է՝ գահը փոխանցելու նոր սերդին։

Գահից հրաժարումը յուրատեսակ ավանդույթ է դարձել Նիդեռլանդներում։ Թագուհի Բեատրիքսի մայրը՝ թագուհի Յուլիանան, գահից հրաժարվել է 1980թ.՝ 70 տարեկան հասակում։ Բեատրիքսի տատը՝ թագուհի Վիլհելմինան, գահից հրաժարվել է 1948թ.՝ 68 տարեկանում։

Վիլեմ Ալեքսանդրը զբաղվում է բարեգործությամբ։ «Ոմանք ասում են, որ ես կարմիր ժապավեններ եմ կտրում, բայց այդ զբաղմունքն իմաստ ունի, եթե ուշադիր ընտրես ժապավենները»,- հարցազրույցներից մեկում ասել է նա։

Վիլեմ Ալեքսանդրն ամուսնացած է արգենտինուհի Մաքսիմա Սորեգյետայի հետ։ Նիդեռլանդների խորհրդարանը ժամանակին դժվարությամբ համաձայնեց այս ամուսնությանը, քանի որ Մաքսիմայի հայրը նախարար է եղել Արգենտինայում զինվորական խունտայի տարիներին։ Վիլեմ Ալեքսանդրն ու Մաքսիմա Սորեգյետան երեք դուստր ունեն։ Նիդեռլանդական գահի ժառանգորդների թվում առաջինն այժմ Վիլեմ Ալեքսանդրի ավագ դուստրն է՝ արքայադուստր Կատարինա Ամալիան։

Մեկնաբանել