Հայաստանի և Իրանի գլխավոր դատախազները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին ապրիլի 30-ին Երևանում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, հաղորդում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: Ըստ այդմ` կողմերը պարտավորվել են համագործակցել անդրազգային հանցավորության դեմ պայքարում, ըստ անհրաժեշտության միմյանց ցուցաբերել իրավական օգնություն։

Մինչ այժմ երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությունն իրականացվել է դիվանագիտական ճանապարհով, որին մեծապես աջակցել է նաև Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը։ Հուշագրի ստորագրմամբ կողմերն այսուհետ կարող են հաղորդակցվել անմիջականորեն, ինչը հնարավորություն կտա առավել օպերատիվ և արդյունավետ արձագանքել առանձին քրեական գործերով իրավական օգնության հարցումներին։

Մինչ հուշագրի ստորագրումը Ա.Հովսեփյանն ընդունել էր Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիի գլխավորած պատվիրակությանը, ապա նաև առանձնազրույց ունեցել նրա հետ։ Հանդիպմանը քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր՝ նախանշելով դրանք զարգացնելու հնարավոր ուղիները։

Գլխավոր դատախազները բարձր են գնահատել երկու երկրների միջև համագործակցության մակարդակն ընդհանրապես` արձանագրելով, որ տնտեսական համագործակցությունը, զբոսաշրջությունը վերջին տարիներին էապես զարգացել են, մեծացել են ապրանքաշրջանառության ծավալները, և այս պայմաններում ուղղակի անհրաժեշտություն է իրավապահ մարմինների սերտ համագործակցությունը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել դատախազությունների, իրավապահ մարմինների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

Մեկնաբանել