Կառավարությունն ԱՄՀ-ի հետ քննարկել է վարկային նոր ծրագիրը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Հիմնադրամի ներկայացուցիչները նախ շնորհավորել են Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:
Անդրադառնալով 2010թ. հունիսից մեկնարկած և այս տարվա սեպտեմբերին ավարտվող ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորում»/«Երկարաձգվող վարկավորում» ծրագրի եզրափակիչ փուլի արդյունքներին՝ Մարկ Հորթոնը գոհունակությամբ նշել է, որ ծրագրով նախատեսված բոլոր թիրախներն իրագործվել են և որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել: 

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին 2012թ. բյուջեի դեֆիցիտի կրճատման և եկամուտների զգալի աճ ապահովելու համար: Մարկ Հորթոնը բարձր է գնահատել նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճը՝ փաստելով, որ այն գերազանցել է ԱՄՀ-ի՝ 6,2% աճի կանխատեսումը: Նրա խոսքով՝ դա հնարավոր է եղել հանքարդյունաբերության, վերամշակման և այլ ոլորտներում իրականացված ներդրումների շնորհիվ: Միաժամանակ, վերջինս հույս է հայտնել, որ ընթացիկ տարում ևս կառավարությանը կհաջողվի գերազանցել ԱՄՀ-ի՝ տնտեսական աճի ապահովման վերաբերյալ կանխատեսման ցուցանիշը: 

Հորթոնն օրինակելի է համարել նաև կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում Հայաստանի փորձը, կատարվող քայլերը և նշել, որ դրանց արդյունքում ձևավորվել է ամուր իրավապայմանագրային դաշտ, Հայաստան են ներգրավվում աշխարհի լավագույն հաստատությունները: 

Հորթոնը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցության բարձր մակարդակը լավ հիմք կհանդիսանա ԱՄՀ նոր ծրագրի իրականացման համար:

Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են նոր ծրագրին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ վերջինս ապագայում կպահպանի կապը Հայաստանի հետ: