Գնաճը թափ է հավաքում

Ընթացիկ տարվա ապրիլին 12-ամսյա գնաճը կազմել է 3,9%, այն դեպքում, երբ ամսական կտրվածքով արձանագրվել է 0,1% գնանկում։ Ապրիլին տարեկան կտրվածքով թանկացել է հիմնականում սննդամթերքը, բացառությամբ բանջարեղենի և կարտոֆիլի։

Ազգային վիճակագրական ծառայության «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2013թ. հունվար-ապրիլին» հրապարակման համաձայն՝ 2013թ. ապրիլին 2012թ. նույն ամսվա համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103,9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 104,3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 105,2%, ծառայությունների սակագներինը՝ 102,4%։

Ըստ ԱՎԾ-ի՝ ապրիլին նախորդ ամսվա համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0,1% գնանկում, պայմանավորված հիմնականում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 0,4% նվազումով։

Թեև ամսական կտրվածքով տեղի է ունեցել գնանկում, ապրիլին արագացել է 12-ամսյա գնաճի տեմպը։ Մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 3,4%, ապրիլին՝ 3,9%։

Ամսական կտրվածքով գնանկման պայմաններում տարեկան գնաճի տեմպի արագացումը պայմանավորված է բազայի գործոնով։ Պարզ ասած՝ 2012թ. ապրիլին մարտի համար գների նվազումը (0,6%-ով) ավելի մեծ է եղել, քան այս տարի, արդյունքում՝ թեև այս տարվա ապրիլին մարտի համեմատ գները նվազել են, սակայն տարեկան կտրվածքով տեղի է ունեցել գնաճի մակարդակի բարձրացում։

ԱՎԾ հրապարակման համաձայն՝ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում այս տարվա ապրիլին տարեկան կտրվածքով արձանագրվել է 10,8% գնանկում, շաքարավազի գները նվազել են 8,9%-ով։ Մյուս կողմից՝ կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում ապրիլին տարեկան գնաճը կազմել է 11,6%, ձուն տարեկան կտրվածքով թանկացել է 13,6%-ով, մսամթերքը՝ 4,1%-ով, ձկնամթերքը՝ 2,3%-ով։