Բջջային «չաթերն» իրենց տարածվածությամբ գերազանցում են sms-ներին

Բջջային մեսենջերներն առաջին անգամ իրենց տարածվածությամբ գերազանցել են ավանդական տեքստային հաղորդագրություններին: Բրիտանական Financial Times-ը, վկայակոչելով Informa ընկերության զեկույցը, գրում է, որ 2012թ. WhatsApp, BlackBerry Messenger, Viber, Nimbuzz, iMessage և KakaoTalk բջջային ծրագրերի օգնությամբ փոխանակվել է 19 մլրդ, իսկ sms-ի միջոցով` 17,6 մլրդ հաղորդագրություն:

Փորձագետների կանխատեսմամբ` 2014թ. սմարթֆոնների «չաթի» միջոցով կփոխանցվի 50 մլրդ հաղորդագրություն, իսկ sms-ների միջոցով` 21 մլրդ: Նշվում է, որ այս հանգամանքը լրջորեն կարող է անդրադառնալ բջջային օպերատորների եկամուտների վրա:

Ovum հետազոտական ընկերության հաշվարկների համաձայն` բջջային ծրագրերի «մեղքով» 2013թ. բջջային պրովայդերների եկամուտը sms հաղորդագրություններից կկրճատվի $32,6 մլրդ-ով, իսկ 2020թ. այս ցուցանիշը կավելանա մինչև $86 մլրդ:

Նշենք, որ կանադական նոր` BlackBerry Z10 սմարթֆոնի BlackBerry Messenger-ի օգնությամբ հնարավոր է իրականացնել աուդիո և տեսազանգեր: Ամերիկյան Apple սարքավորումներում աշխատող iMessage-ը, իր հերթին, միավորում է օնլայն հաղորդագրություններն ու sms-ները: Իսկ Android օպերացիոն համակարգում աշխատող Chat Heads բջջային մեսենջերի օգնությամբ օգտատերերը հնարավորություն ունեն սոցցանցերում անվճար շփվել իրենց ընկերների հետ:

Հատկանշական է, որ բջջային ակնթարթային հաղորդագրություններն ավելի տարածված են Եվրոպայում և ԱՄՆ-ում, ընդ որում` համեմատաբար թանկ սմարթֆոններում: Իսկ զարգացող երկրներում, օրինակ` Հնդկաստանում և Հարավային Ամերիկայում, սովորական բջջային հեռախոսներում նշված բջջային ծրագրերի տեղադրման հնարավորությունները բացակայում են, հետևաբար օգտագործողները նախընտրում են օգտվել sms-ներից: