Օմբուդսմենը` քրեակատարողական հիմնարկների խնդրիների մասին

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս անդրադարձել է քրեակատարողական հիմնարկներում բուժսպասարկման արդյունավետությանը խոչընդոտող խնդիրներին:

ՄԻՊ աշխատակազմի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Խնդիրներից մեկն էլ հետևյալն է` մոտ 1200 դատապարտյալ ունեցող քրեակատարողական հիմնարկում գիշերային հերթապահության ժամանակ աշխատում է միայն մեկ բուժակ, ինչը անհնարին է դարձնում մի քանի դատապարտյալի միաժամանակ բժշկական օգնություն ցուցաբերելը:

Պաշտպանը ՀՀ վարչապետին ուղղված տեղեկանքի մեջ անդրադարձել էր այս խնդրին, որը արձանագրվել էր դեռևս 2012թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում քրեակատարողական հիմնարկներ այցելություններ կատարելու ընթացքում:

Մեկ այլ խնդիր է նաև կառավարության 2006թ. որոշմամբ հաստատված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի հստակեցումը,
որի հետ կապված պաշտպանը առաջարկ է արել մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրում ընդգրկել և հստակեցնել պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկն ու դրանց չափորոշիչները, սակայն առաջարկը դեռևս քննարկման փուլում է:

Մտահոգված լինելով վերոնշյալ խնդրով, և այսօր մամուլից տեղեկանալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Ժորժ Բաղումյանի մահվան մասին, մանրամասները ճշտելու նպատակով պաշտպանը գրություն է ուղարկել արդարադատութան նախարարի պաշտոնակատարին»: