Ֆրանսիայի՝ Գերմանիայի հետ ռազմավարական դաշինքը հարցականի տակ է դրվել

Գերմանա-ֆրանսիական հարաբերություններն ապրում են ամենալուրջ ճգնաժամերից մեկը 1960-ականներին գեներալ Շառլ դը Գոլի և կանցլեր Կոնրադ Ադենաուերի՝ Փարիզ-Բեռլին առանցքի ստեղծման պահից ի վեր։ Համարվելով ԵՄ-ի ողնաշար՝ այսօր այդ առանցքը վտանգի տակ է հայտնվել։ Ֆրանսիայում իշխանության գտնվող սոցիալիստները բացահայտ քննադատում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ ներկայացնելով նրան Եվրոպան համակած տնտեսական ճգնաժամի գրեթե գլխավոր մեղավոր։ Բեռլինում խոսում են «գալլական ինքնակործան կուրության» մասին և խոստովանում են․ Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդն այդպես էլ չկարողացան (կամ չցանկացան) արդյունավետ երկխոսություն ծավալել, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։

Ֆրանս-գերմանական դիմակայության հերթական փուլի սկիզբը դրեց ֆրանսիացի սոցիալիստների ծրագրային փաստաթղթի՝ մամուլում հայտնված սևագիրը։ Նրա հեղինակները ոչ միայն Բեռլինի կողմից իրականացվող խիստ խնայողության միջոցառումներն անվանել են կործանարար Եվրոպայի համար, այլև Մերկելին մեղադրել են «եսասիրական կամակորության» մեջ։

Թեև փաստաթղթի (որը վերջնականապես կհաստատվի ապրիլի 30-ին) վերջնական տարբերակից ամենասուր հատվածները հանվել են, «գերմանական սպառնալիքի» թեման զարգացրել է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի խոսնակ, սոցիալիստ Կլոդ Բարտոլոնը։ Նա կոչ է արել չվախենալ հանուն ազգային շահերի պաշտպանության Գերմանիայի հետ «առճակատման» գնալուց։

Բեռլինում Ֆրանսիայի իշխող կուսակցության հարձակումներն ընդունել են որպես պատերազմի հայտարարում․ նախկինում երկու երկրների առաջնորդները հետևել են ռազմավարական գործընկերոջ հետ տարաձայնությունները չհրապարակայնացնելու չգրված օրենքին՝ անկախ նրանից, թե դրանք որքան սկզբունքային են թվացել։ Ֆրանսուա Օլանդի՝ Ելիսեյան պալատ գալով այդ «չհարձակման պակտը» փաստացի չեղյալ է հայտարարվել։

Եվրոպայի երկու կարևոր պետությունների դաշինքին սկիզբ դրած Ելիսեյան համաձայնագրի 50-ամյակը այս տարվա հունվարին շուքով նշած Ֆրանսիայի և Գերմանիայի հարաբերություններում այսպիսի կոշտ հռետորաբանություն վերջին անգամ նշմարվել էր 1990-ականներին․ այդ ժամանակ ֆարնսիացիները քննադատում էին Գերմանիայի դիրքորոշումը եվրոպական միասնական արժույթի ներդրման վերաբերյալ բանակցություններում։ «Երկու դեպքում էլ խոսքը ԵՄ-ում առաջատարի դիրքի համար պայքարի մասին է՝ գումարած ֆրանսիացիների՝ Եվրոպայում Բեռլինի ազդեցության աճի նկատմամբ ունեցած յուրատեսակ թերարժեքության բարդույթը։ Սակայն երկու տասնամյակ առաջ հարձակումներն այսչափ հասցեաուղղված չեն եղել, ինչպես այս անգամ»,- նշում է գերմանական DGAP ինստիտուտի ֆրանսիացի փորձագետ Կլեր Դեմեսմեն։

Նրա խոսքով՝ Օլանդի և Մերկելի անձնական շփման դեպքում նրանց միջև հակակրանք չի զգացվում։ Սակայն ֆրանս-գերմանական տանդեմի մասին այսօր հաստատ չես խոսի՝ ի տարբերություն Նիկոլա Սարկոզիի դարաշրջանի, որի՝ գերմանիայի կանցլերի հետ հարաբերությունները մամուլն անվանում էր «Մերկոզի դաշինք»։ Բյուջետային խիստ քաղաքականությունը, որն իրականացնում են Գերմանիայի քրիստոնյա դեմոկրատները, ֆրանսիացի սոցիալիստները, հատկապես՝ իշխանության կուսակցության ձախ թևը, չեն ըմբռնում։ «Եթե Ֆրանսուա Օլանդը չկարողանա առաջիկա կես տարում իրականացնել ֆրանսիական տնտեսության առողջացման համար անհրաժեշտ բարեփոխումները, դա բացասաբար կանդրադառնա և՛ Գերմանիայի հետ հարաբերությունների, և՛ ընդհանուր առմամբ եվրոգոտում տիրող իրավիճակի վրա»,- զգուշացնում է Դեմեսմեն։

Հարևանի հաշվին քաղաքական միավորներ հավաքելու փորձը կարող է արդյունքում ֆրանսիացի սոցիալիստների հետ չար կատակ խաղալ։ Հակագերմանական հայտարարությունները փաստացի պառակտել են նրանց իսկ շարքերը, իսկ ընդդիմությանը, հակառակը, թույլ են տվել միավորվել։