Եվրախորհրդարանի պահպանողականներն ու ռեֆորմիստներն այցելել են Մայր Աթոռ

Ապրիլի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավորների պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի, հաղորդում են Մայր աթոռի մամուլի դիվանից:

Հանդիպմանն Ամենայն հայոց կաթողիկոսը կարևորել է նման այցելությունները, որոնք նպաստում են ԵԽ-Հայաստան կապերի ամրապնդմանը: Վեհափառն իր գնահատանքն է հայտնել պատգամավորներին այն ջանքերի համար, որ ներդրվում են Հայաստանի եվրոինտեգրման ճանապարհին:

Վեհափառ Հայրապետը նաև պատասխանել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում առնչվում էին Հայ Եկեղեցու հարաբերություններին Քույր Եկեղեցիների հետ, տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հոգևոր առաջնորդների ջանքերին և հասարակության կյանքում կրոնի և հոգևոր արժեքների դերակատարությանը: