«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն այն ուժն է, որը պատրաստ է Հայաստանում իշխանությունը վերցնել իր ձեռքը: Ապրիլի 30-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին նման հայտարարություն արեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ ՀԱԿ-ն ամենևին դեմ չէ, եթե ոչ իշխանական մյուս ուժերն էլ ստանձնեն այս գործը:
Մանուկյանի խոսքով` անցած տարի այս ժամանակահատվածում` խորհրդարանական ընտրությունների ընթացքում, Երևանում ՀՀԿ-ն հավաքել էր ընդամենը 35%: «Հանրապետական կուսակցությունը բոլոր կեղծիքներով հանդերձ Երևանում ստացել է ընդամենը 35% աջակցություն, ինչը նշանակում է, որ 65%-ը ձայն չի տվել նրան»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ նախագահական ընտրությունների ընթացքում էլ Սերժ Սարգսյանը «տապալվել է, և հաղթել են ոչ իշխանական ուժերը»:
ՀԱԿ անդամը նշեց, որ հարգում է այն քաղաքական ուժերին, որոնք կարծում են, որ Սերժ Սարգսյանը չպետք է կառավարի երկրում, իսկ ՀՀԿ-ն չպետք է իշխի:
«Հալալ է այդ ուժերին, իրենց գործունեությունը մեզ օգուտ է, և սա հեշտ միջոց է քաղաքում իշխանությունը վերցնելու համար»,- ասաց նա՝ հայտարարելով, որ շուտով ՀԱԿ-ը կդառնա քաղաքական օրակարգ թելադրող միակ ուժը: