Մեր հաղթանակը կջախջախի ընտրակեղծիքների մեքենան. Վ.Խաչատրյան

Պարզվում է վերահսկիչ պալատի ուսումնասիրություններով ծառ են տնկել Դ8մլն-ի, բայց ծառերը չկան. Ազատության հրապարակում շարունակվող հանրահավաքում ասաց Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ կուսակցության ցուցակը գլխավորող Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Նա խոսեց ծրագրերի մասին՝ հաղորդելով, որ ՀԱԿ-ը նախատեսում է դադարեցնել  կենտրոնի կառուցապատումը, Երևանում չի թույլատրվելու որևէ ծառահատում, ճանաչել տաս տարի անընդմեջ հողը այգեգործական նպատակով տնօրինած մարդկանց սեփականության իրավունքն այդ հողերի վրա, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար սահմանված վճարները կրկնակի անգամ նվազեցնել (հակառակ դեպքում տեղադրված՝ արագության խախտումները արձանագրող բոլոր սարքերը կապամոնտաժվեն), թափանցիկ դարձնել Երևանի բյուջեն, մրցութային կարգով կատարել կադրերի ընտրությունը, նվազեցնել ՓՆՁ-ի հարկային բեռը՝ վերջ տալով «հարկային տեռորին»:

«Մենք կորցնում ենք Երևանցուն` քաղաքացուն. ամեն ինչ կարող ենք վերադարձնել, բայց ոչ՝ քաղաքացուն: Մեր հաղթանակը կջախջախի ընտրակեղծիքների մեքենան. մեկ անգամ նման արդյունքը տեսնելով՝ մարդկանց մեջ կվերականգնվի հավատը: Մենք պարտավոր ենք իշխանությունը վերադարձնել ժողովրդին, և մենք դա անելու ենք»,- ասաց նա:

Խաչատրյանը հավելեց, որ ՀԱԿ-ի իշխանության գալով երևանցին կապրի մաքուր, կանաչ Երևանում, որտեղ բոլորը՝ անկախ տարիքից և շարժվելու հնարավորոթյունից, կկարողանան հպարտանալ իրենց քաղաքով: