Նախընտրական բանավեճ` առանց ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի

Ապրիլի 30-ին Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպել էր բանավեճ` «Երևանի ավագանու ընտրությունները» թեմայով: Բանավեճին մասնակցում էին Երևանի ավագանու ընտրություններում կուսակցությունների ցուցակների առաջատարները` Մեսրոպ Առաքելյանը («Առաքելություն» կուսակցություն), Վարդան Օսկանյանը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն), Արմեն Մարտիրոսյանը («Բարև Երևան» դաշինք), Վահագն Խաչատրյանը («Հայ ազգային կոնգրես» կուսակցություն) և Արմեն Ռուստամյանը («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն): Հատկանշական է, որ Հանրապետական և «Օրինաց երկիրը» կուսակցությունները հրաժարվել էին բանավեճին մասնակցելուց:

Բանավեճը վարող` «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը հանդիպման սկզբում նշեց, որ Սիվիլիթասը սոցոլոգիական հարցում է անցկացրել` պարզելու երևանցիներին հուզող խնդիրները: Հարցման մասնակիցների 27%-ը որպես Երևանի առաջնային խնդիր նշել է աղբահանության և Երևանի մաքրության, 20%-ը` գործազրկության և 6%-ը` աղքատության և սոցիալ-տնտեսական վիճակի խնդիրը, ինչը, ըստ Արամ Աբրահամյանի, նշանակում է, որ երևանցիների 26%-ը նույն պատասխանն է տվել քաղաքի խնդիրների վերաբերյալ հարցին: «Գործազրկությունը և սոցիալ-տնտեսական վիճակը Երևանի յուրահատո՞ւկ խնդիրն է և Երևանի քաղաքապետը կամ ավագանին կարո՞ղ է այն լուծել քաղաքի ուժերով»,- բանավեճի մասնակիցներին հարց ուղղեց Արամ Աբրահամյանը: Ավագանու թեկնածուների պատասխանները ներկայացված են ստորև:

Մեսրոպ Առաքելյան. Կարծում ենք` Երևանի խնդիրներում գործազրկության խնդիրներն առանձնացնելը տեղին չէ, սակայն, ցավոք, այսօր հասարակության հիմնական մասին հուզում է օրվա հացի խնդիրը, քանի որ տարեցտարի ահագնանում է արտագաղթը, և այդ կապակցությամբ Երևանը` որպես համայնք, իր լիազորությունների շրջանակում ամբողջովին հնարավորություն չունի լուծում տալու սոցիալական խնդիրներին: Երևանի քաղաքապետարանը ընդդիմության կողմից կառավարվելու պարագայում լիովին հնարավորություն ունի բարելավելու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև կասեցնելու օր-օրի ահագնացող արտագաղթը: Իսկ զուտ Երևանի լիազորությունների շրջանակում մենք կարծում ենք, որ այսօրվա Երևանի քաղաքապետարանը իր գործունեությունն իրականացնելով որևէ էական դերակատարություն չի ունեցել վերջին չորս տարիների ընթացքում, մինչդեռ Երևանը լիազորություններ ունի՝ հաշվի առնելով, որ Երևանում է ձևավորվում համախառն ներքին արդյունքի գրեթե 50%-ը, մինչդեռ Երևանի կողմից հավաքագրվող բյուջեն պետբյուջեի ընդամենը 2%-ն է: Իր ռեսուրսներն արդյունավետ կառավարելու պարագայում Երևանը լիովին հնարավորություն ունի ստեղծելու ինչպես նոր աշխատատեղեր, այնպես էլ ստեղծված աշխատատեղերի պարագայում` դրանք ավելի արդյունավետ կառավարելու, ինչը հնարավորություն կտա նշված խնդիրներին տալ էական լուծումներ:

Վարդան Օսկանյան. Նախքան հարցին պատասխանելը ցանկանում եմ անդրադառնալ բանավեճին գործող քաղաքապետի չմասնակցելու հանգամանքին: Ես կարծում եմ, որ շատ ցավալի է, որ քաղաքապետն այստեղ չէ և կարծում եմ` քաղաքապետը մեր բոլորի միջից պետք է լիներ այն անձնավորությունը՝ իրեն մատչելի դարձնելու ժողովրդի, լրատվամիջոցների հարցադրմանը: Ինքն ընդհանրապես այդպիսի ելույթներ չի ունենում, ժողովուրդը կամ թեկուզ լրատվամիջոցներն առիթ չեն ունենում նրան հարց տալու: Այս պատասխանատվությունից խուսափելն ամենալավ վկայությունն է այն քաղաքական մենաշնորհի, որը թույլ է տալիս մարդկանց անել այն, ինչ ուզում են:

Ես բազմիցս ասել եմ, որ Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի վարչապետն է, Երևանի տնտեսությունը Հայաստանի տնտեսության կեսն է, բնակչությունը` մոտավորապես կեսը: Անգործությունն ամենամեծ թվով արտահայտված է երիտասարդության մոտ: Այո, անգործության խնդիրը հրատապ խնդիր է: Երևանում եթե մենք ունենանք քաղաքապետ ոչ իշխանական ուժից, օրինակ` ԲՀԿ-ից, ապա կարծում եմ, որ մեր ծրագրերով իսկապես կկարողանանք նաև աշխատանքի խնդիրներ լուծել, բայց դա անելու համար շատ կոնկրետ ծրագրեր են պետք: Ցանկանում եմ դրանցից մի քանիսը թվարկել. նախ՝ միայն Երևանի բյուջեի մասով՝ պետք է էապես կրճատվեն մսխումներն ու ավելորդ ծախսերը: Այնպիսի բաների վրա է փողը ծախսվում, որ ուղղակի անհեթեթություն է. որևէ փոս չկա, բայց ասֆալտը քերել են և նորն են անում: Գործուղումների մասով. քաղաքապետարանը ոնց որ արտաքին գործերի նախարարությունը լինի: Նախ` դրանք պետք է մինիմումի հասցնել, նույնիսկ մոնիթորինգ անել: Եթե մենք վերցրինք քաղաքապետարանը, առնվազն երկու տարի մոնիթորինգ ենք անելու, և այդ փողերն ուղղելու ենք ժողովրդի կենսական խնդիրների լուծմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Մեծ խնդիրներ պետք է դրվեն, օրինակ` մետրոպոլիտենի ընդլայնումը: Իսկապես, այսօր հնարավոր է բոնդերի միջոցով, Սփյուռքի մասնակցությամբ, միջազգային կազմակերպությունների միջոցով այդ նախագիծը վերակենդանացնել: Պատկերացնո՞ւմ եք, թե քանի աշխատատեղ կստեղծվի և երբ դա ավարտենք` ինչպիսի օգուտ կտա քաղաքին: Աղբից խոսեցինք. արդյոք հնարավոր չէ՞ Երևանի ծայրամասում աղբի վերամշակման գործարան բացել և այլն: Իսկապես, Երևան քաղաքով շատ բան հնարավոր է անել:

Արմեն Մարտիրոսյան. Բնականաբար, գործող քաղաքապետը չէր մասնակցելու բանավեճին, որովհետև գար` ինչը ներկայացներ: Գործող քաղաքապետը ոչ միայն իր ժամանակահատվածի համար է պատասխանատու, այլև առաջին հերթին` չորս տարվա, որովհետև ինքը նույն թիմն է ներկայացնում: Մենք Երևանի ավագանի ենք ընտրում, ոչ թե Երևանի քաղաքապետ: Ուրիշ հարց, եթե դա ուղղակի ուղիղ ընտրություն լիներ: Այսինքն չորս տարվա քաղաքապետներն ընտրվել են նույն կուսակցությունից, և իրենք իրենց թիմի կատարած աշխատանքից պետք է հաշվետվություն ներկայացնեն: Բայց չկա այդ աշխատանքը, ընդամենը այս մեկ տարվա ընթացքում ինչ-որ սուպեր մեծության աշխատանքներ են ցանկանում ներկայացել, բայց պարզ է, որ չորս տարի ոչինչ չի արվել: Վերադառնալով գործազրկության խնդիրներին՝ բացի Երևանից` մենք ունենք շատ ավելի մեծ ծավալի գործազրկություն Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, բայց այստեղ էլ մի յուրահատկություն կա, որ սոցիալ-տնտեսական խնդիրները, իսկապես, կարևորագույն տեղ են գրավում երևանցիների շրջանում: Երևանը դարձել է սուպերմարկետների վայր, և հիմնականում դրանք հենց քաղաքի կենտրոնում են: Սա խնդիր է առաջին հերթին փոքր ու միջին բիզնեսի դեմ, երկրորդ՝ սա խնդիր է այն առումով, որ քաղաքաշինության տեսանկյունից մենք դժվարություններ ենք ստեղծում և քաղաքի կենտրոնը փոխարենը ավելի բեռնաթափելու ՝ բեռնում ենք, և դա որոշակիորեն նաև սոցիալական իրավիճակի վրա է ազդում. քաղաքացին չի կարողանում նորմալ տրանսպորտային ծառայություն ստանալ, երկար ժամանակ է անցկացնում տրանսպորտի մեջ, բնականաբար՝ հաշվի առնելով, որ մեր տրանսպորտը պարտադիր լցված է լինում: Նույն տրանսպորտի ոլորտում եթե վերցնենք, ապա սարքել են մի մեծ շրջանակի գծատերերի վայր, և իրական տնտեսվարողները, որոնք որակյալ ծառայություն պետք է մատուցեին, ուղղակի մուտք չունեն այդ դաշտ: Բնականաբար, սա քաղաքական որոշման խնդիր է և անմիջականորեն կապ ունի, թե Երևան քաղաքում ինչպիսի կառավարման համակարգ ես ներդնում:

Վահագն Խաչատրյան. Կարող եմ ասել զուտ աղքատության առումով, եթե ՀՀ-ում աղքատությունը կազմում է 34,8%, ապա Երևանը չի տարբերվում: Գործազրկության առումով էլ Երևանը միջինից ավելի բարձր է: Կարելի՞ է Երևանի քաղաքային իշխանությունների աշխատանքի արդյունքում հասնել նրան, որ գործազրկությունը կրճատվի` միանշանակ: Վերցնենք միայն կոմունալ բնագավառը կամ քաղաքային տնտեսության բնագավառը, որն ընդհանրապես աշխարհի մակարդակով համարվում է բիզնեսի համար եկամտաբեր և մշտական աշխատանք ապահովող: Վերցրե´ք 4500 բազմաբնակարան շենք և նայե´ք այդ շենքերի վիճակին: Կարող եմ ասել, որ եթե այնտեղ ամեն օր աշխատեն, վերանորոգեն, ապա տարիներ կպահանջվի, որ ավարտվի: Այսինքն՝ կա աշխատատեղերի մաքսիմալ հնարավորություն: Եվ մենք վճարում ենք դրա համար, բայց այդ վճարներն օգտագործվում են չորս տարին մեկ անգամ, երբ ընտրություններ են լինում: Այդ աշխատանքների կազմակերպողներն իրենց գործով չեն զբաղվում: Դրանք համատիրություններն են, որոնք տնտեսական գործունեությամբ զբաղվելու փոխարեն` դարձել են քաղաքական մարմիններ, գործակալական ցանց կամ կարող եմ ռուսերեն բառով ասել՝ «ստուկաչ», տեղեկություններ են հավաքում մեր մասին, տալիս են իշխող կուսակցությանը, որն էլ սկսում է հենց այսօր հոգեբանական ճնշում գործադրել մեր ընտրողների վրա: Այսինքն՝ այդ հնարավորությունը կա:

Հաջորդը Արմենը նշեց՝ փոքր բիզնեսի հետ կապված խնդիրն է: Եթե դուք ուշադրություն դարձնեք քաղաքային բյուջեին, կտեսնեք, որ նրանք տարեցտարի հարկերը մեծացնում են, ինչի անհրաժեշտությունը կա՞, թե՞ ոչ: Սա մի հարց է, որի պատասխանը ես այսօր չունեմ, բայց հասկանում եմ, որ դրա անհրաժեշտությունն այսօր չկա, որովհետև բյուջեի եկամուտների ապահովման և ծախսերի արդյունավետության առումով այլ քայլեր են հարկավոր անել: Այն լրացուցիչ ծախսերը, որ այսօր սահմանվել են փոքր բիզնեսի՝ հատկապես առևտրականների համար, հնարավորություն չեն տալիս գիշերային առևտուր կազմակերպելու, ապրանքը փողոցում ցուցադրելու. պարզվում է` կենտրոնում առևտուր անելու համար պետք է լիցենզիա գնել՝ 50 հազ. դրամ: Այսինքն՝ քաղաքային իշխանությունը իր քաղաքականությամբ հնարավորություն ունի Երևանում գործազրկությունը կրճատել, բայց քանի որ խնդիր է դրված սպասարկել, ծառայություններ մատուցել ոչ թե մեզ՝ քաղաքացիներիս, այլ իշխանության արտոնյալ խավին, ուստի խնդիրը չի լուծվում: Եվ սրա հաջորդ հարցը նույն սուպերմարկետներին է վերաբերում, որոնք, ըստ էության, կլանում են, վերահսկում են այդ փոքր բիզնեսի ներկայացուցիչներին:

Արմեն Ռուստամյան. Կոալիցիոն ուժերի բացակայությունը բանավեճին մեզ հստակ մեսիջ է, ազդակ, որ մարդիկ չեն պատրաստվում վերընտրվել, այլ պատրաստվում են վերարտադրվել: Ամեն ինչ սկսում է դրանից, եթե մարդիկ փորձեին վերընտրվել, նրանք կգային, որպեսզի համոզեին ոչ միայն մեզ, այլև հասարակությանը, ընտրողին: Իրենք ընտրողին համոզելու խնդիր չունեն, իրենք ունեն ընտրողից այդ ձայնը կա´մ առնելու, կա´մ վախեցնելու խնդիր, որ այդ ընտրողը ստիպված պետք է այդ ձայնը օտարի, իր ընտրական իրավունքից հրաժարվի՝ հօգուտ այս իշխող համակարգի: Եվ սրանից են բխում մեր բոլոր խնդիրները, և չկա երևանյան ինչ-որ հատուկ խնդիր, որը մեզ ուզում են ներկայացնել. խնդիրը համահայկական է, համահայաստանյան: Երևանի մասը Հայաստանում գերագնահատել շատ դժվար է բոլոր առումներով: Լուծումը շատ հստակ է, այն մեկն է՝ այս միահեծան իշխանությունից պետք է ազատվել, օր առաջ պետք է ունենալ թափանցիկ կառավարում, իշխանության ապակենտրոնացում, որ այդ ապակենտրոնացման հիման վրա հնարավոր լինի այս բոլոր հարցերը բարձրացնել և լուծել: Այս խնդիրների կծիկը, որ գոյություն ունի Հայաստանում, իրար հետ փոխկապակցված են, ազգայինից մինչև աղբահանություն: Սրանք նույն պատճառն ունեն, որը մենիշխանության դրվածքն է: Եթե մենք դրանից չձերբազատվենք, ո´չ այդ գլխավոր հարցերը կլուծենք, ո´չ էլ դրանից ածանցվող աղբահանության, վերելակների և ավելի մանր հարցերը: Կոնկրետ քաղաքապետի լիազորությունների մասով՝ այո´, այսօր կամավոր քաղաքապետը հրաժարվել է իր լիազորություններն իրականացնել, մասնավորապես՝ նույն այդ սոցիալական հարցերով, կարող էր ստանձնել պարտավորություն` աշխատատեղեր ստեղծելու, բայց ինքը չի ստանձնել այդ պարտավորությունը: Ընդդիմադիր քաղաքապետն առաջին գործը, որ կանի, այդ ամբողջ լիազորությունների շրջանակը ուշիուշով ստուգելով, վերահսկելով կամբողջացնի, որ մի բան չմնա, որ ինքը չիրականացնի, որովհետև դա իր շահերից է բխում: Նա պետք է ապացուցի ժողովրդին, որ եկել է ինչ-որ բան փոխելու ժամանակը, իսկ դրա համար գործիք է պետք, լծակ է պետք: Քաղաքապետը, այդ լծակները ունենալով, չի արել այդ: Գիտենք` ինչու չի արել, որովհետև նրան թույլ չեն տվել, որ դա անի, որովհետև դա չի մտնում ներքին խաղի կանոնների մեջ, միահեծան իշխանության տրամաբանության մեջ դա չի տեղավորվում, նա իրավունք չունի ինքնուրույն քայլեր անել, ինչ կասեն, նա դա էլ պարտավոր է անել: Միայն ընդդիմադիր քաղաքապետը կարող է հակադրվել, և այդ հակադրությունից կարող է շահել միայն Երևանն ու Հայաստանը: Ընդհանրապես ընդդիմության ասածը իրենց համար տաբու է, որին չպետք է անդրադառնալ: Մենք ասում ենք` երբ մենք գանք, և դուք դառնաք ընդդիմություն, մենք ձեզ կտանք վերահսկելու հնարավորություն:

Մեկնաբանել