Ոստիկանությունը պատրաստվում է ընտրություններին

Ապրիլի 29-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշա Աֆյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը նվիրված էր մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին. տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

Անդրադառնալով կատարված աշխատանքներին` Սաշա Աֆյանը խորհրդակցության մասնակիցներին հիշեցրել է, որ նախընտրական շրջանում և ընտրությունների ժամանակ ոստիկանության վրա դրված պարտականությունները պետք է կատարվեն բարձր մակարդակով: Իսկ ոստիկանության հիմնական խնդիրը տվյալ դեպքում հասարակական կարգի ապահովումն է, իրավախախտումների բացառումը:

Ընտրությունների ժամանակ ոստիկանությունը պետք է լիարժեք իրականացնի օրենքով իրեն վերապահված լիազորությունները: Այս հանձնարարական-ցուցումն է տրված ոստիկանության պետի կողմից, և այն անվերապահորեն պետք է որպես ուղեցույց լինի ընտրատեղամասերում ծառայություն իրականացնող բոլոր ոստիկանների համար:

Սաշա Աֆյանը նշել է, որ ընտրությունների հետ կապված նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքները ոստիկանության կողմից կատարված են հավուր պատշաճի, ստեղծված են լիարժեք ծառայություն իրականացնելու համար բոլոր նախադրյալները: Պետք է առաջնորդվել ոստիկանության իրավաբանական վարչության պատրաստած ուղեցույցով, որում ներկայացված են ընտրությունների ժամանակ ոստիկանի ֆունկցիոնալ պարտականություններն ու իրավունքները:

Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից կազմված պլանը` մայիսի 5-ին կայանալիք ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման ուժերի տեղաբաշխման վերաբերյալ:

Սաշա Աֆյանը կոնկրետ հանձնարարություններ է տվել խորհրդակցության մասնակիցներին` պահանջելով կրկին ստուգել անձնակազմերի պատրաստականությունը, ընտրացուցակների հետ կապված հարցերը և այլն:

Մեկնաբանել