Մեր աշխատանքով պետք է Հայաստանը քայլի ժամանակին համընթաց. Ս.Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Աշխատանքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել. հաղորդում են նախագահի գրասենյակից:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:

Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխա­­­տավորների իրավունքները: Հայի ստեղծագործ մտքի ու արարող ձեռքի արգասիքը կարելի է տեսնել աշխարհի բոլոր չորս կողմերում, սակայն մեր ամենամեծ ձեռք­բերումները կերտում ենք մայր Հայաստանում:

Անցյալում բազմաթիվ դժվարություններ վերապրած մեր հայրենիքում պետք է ստեղծենք մի այնպիսի պետություն, որտեղ պահպանվում և սերնդեսերունդ են փոխանցվում մեր լավագույն ավանդույթները: Մեր աշխատանքով պետք է Հայաստանը քայլի ժամանակին համընթաց՝ յուրացնելով ոչ միայն նորարարու­թյունները, այլև աշխատանքի կազմակերպման և աշխատավորների իրա­վունքների պաշտպանության ամենաառաջադիմական ձևերն ու չափանիշները:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա առթիվ: Վստահ եմ, որ մեր աշխատասեր ժողովուրդը շարունակելու է Հայաստանի շենացման իր վերընթաց ուղին: Մաղթում եմ բոլորիս խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` հանուն մեր ընտանիքների բարեկեցության և մեր երկրի անխափան զարգացման»,- նշված է ուղերձում: