Մենք ապրում ենք աշխարհի ամենալավ քաղաքում. Ր.Հովհաննիսյան

Մենք միասին ապրում ենք աշխարհի ամենալավ քաղաքում՝ Երևանում, և այստեղ մի քանի օրից ընտրվելու է քաղաքապետ և ավագանի. «Հ1»-ի «Հարցազրույց» հաղորդման տաղավարում նշեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ցավով արձանագրեց, որ այժմ «Բարև Երևան» դաշինքը դարձել է քննադատության թիրախ՝ քննադատում են բոլորը, թե իշխանությունը, թե ընդդիմադիր ուժերը: «Հետաքրքիրն այն է, որ այդ բոլոր ուժերը երբևէ եղել են իշխանություն, միայն մենք չենք եղել»,- ասաց նա:

Հովհաննիսյանը կարծում է, որ իրենց թիրախ են դարձրել ենթագիտակցորեն. «Փետրվարի 18-ին չմասնակցելով ընտրություններին, ունենալով հայ ժողովրդի կողմից մատուցված անակնկալ արդյունքը՝ ուզում են հետողորմյա անել, թե ինչպես անել, որ ամեն մեկն իր արժանի տեղը գտնի: Մենք չունենք այդքան ռեսուրս, մարդկանց չենք սպառնում, չենք ուղարկում բաց քվեարկության»,- նշեց նա:

Նա հորդորեց բոլորին «բերանը բացելուց ու թթու խոսք ասելուց առաջ» նայել հայելուն ու փորձել հիշել, թե որտեղ էին փետրվարի 18-ին ու դրանից առաջ: «Տղերք, եկեք, արեք ձեր գործը: Իսկ «Բարև Երևան»-ը անելու է իր գործը»,- նշեց նա:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հեգնանքին, թե ոստիկանապետի հետ աղոթելը [ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը] իր մանկության երազանքը չի եղել՝ Հովհաննիսյանն ասաց. «Ես մանկության երազանք ունեմ՝ որ Հայաստանը լինի ազատ, արդար ու անկախ, ու վստահ եմ, որ պիտի լինի»:

Նրա գնահատմամբ՝ այս բոլոր կուսակցախաղերը «զզվեցրել են ժողովրդին»: «Ժողովուրդն ուզում է նորմալ իշխանություն, նորմալ քաղաքականություն»,- ասաց նա: