Հրաշքը չիրականացավ. Բորուսիան Չեմպիոնների լիգայի եզրափակչում է (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում 0:2 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին» և դուրս եկավ եզրափակիչ` երկու հանդիպումների արդյունքում հաղթելով 4:3 հաշվով:

Թեև «Ռեալը» շատ լավ սկսեց հանդիպումը և մեկնարկային րոպեներին մի քանի հրաշալի գոլային պահ ստեղծեց, Յուրգեն Կլոպի սաները գերազանց կատարեցին իրենց մարզչի հանձնարարությունը. դորտմունդցիները ոչ միայն արագ գոլ չընդունեցին, այլև հակագրոհելու առիթները բաց չէին թղնում:

Եթե առաջին խաղակեսում արքայական ակումբի առավելությունն ակնհայտ էր, ապա երկրորդ խաղակեսի մեկնարկում «Բորուսիան» շատ ավելի վտանգավոր էր գրոհում: Հյուրերը երկու դեպքում պարզապես պարտավոր էին բացել հաշիվը. նախ Ռոբերտ Լևանդովսկու 50-րդ րոպեին քիչ էր մնում կոտրեր Դիեգո Լոպեսի պաշտպանած դարպասի հորիզոնական դարպասաձողը, իսկ 12 րոպե անց Գյունդողանի հարվածից հետո Լոպեսն անհավանական ցատկով փրկեց իր թիմին:

Հանդիպման վերջնամասը նույնպես ձանձրալի չէր. երկու թիմերն էլ ակտիվ էին և հաշիվը բացելու մի քանի հնարավորություն ունեցան: 83-րդ րոպեին Քարիմ Բենզեման որոշակի ինտրիգ մտցրեց այս դիմակայությունում՝ գրավելով հյուրերի դարպասը, իսկ 5 րոպե անց Սերխիո Ռամոսն ինտրիգը հասցրեց գագաթնակետին՝ հաշիվը դարձնեով 2:0:

Այդուհանդերձ, Մոուրինյոյի սաներին ավելին անել չհաջողվեց: «Ռեալը» չկարողացավ հրաշք գործել: Այժմ փորձելու հերթը «Բարսելոնայինն» է, որը վաղը «Բավարիայի» հետ խաղում կփորձի չեզոքացնել 4 գոլի դեֆիցիտը:

http://www.dailymotion.com/video/xzguoq_real-madrid-1-0-dortmund-gol-de-benzema-uefa-champions-league_sport

http://www.dailymotion.com/video/xzgut7_real-madrid-2-0-dortmund-gol-de-ramos-uefa-champions-league_sport

Մեկնաբանել