Աշխատավորների պաշտպանությունը՝ հասարակության կայացման ցուցիչ

ԽՍՀՄ տարիներին աշխատավորի գրեթե ֆետիշացված կերպարը շատ արագ անհետացավ անկախության տարիներին: Աշխատավորն աստիճանաբար վերածվեց գործառուի: Անկախության հռչակումից երկու տասնամյակ անց մեր հասարակությունը չկարողացավ արդյունավետ մեխանիզմներ մշակել աշխատավոր/գործառուների իրավունքների պաշտպանության համար: Արհմիությունները թե՛ ՀՀ-ում և թե՛ առավելապես ԼՂՀ-ում ունեն խիստ ձևական բնույթ, նրանց գործառույթը հիմնականում սահմանափակվում է գերատեսչական/ կոլեկտիվի խնջույքներ կազմակերպելով:

Աշխարհի քիչ հասարակություններ կարող են հպարտանալ կայացած արհմիությունների առկայությամբ: Նույնիսկ Ֆրանսիայի պես երկրում, որն ունի սոցիալիստական լավ ավանդույթներ, արհմիություններն այնքան էլ հզոր չեն: Անընդհատ կազմակերպվող գործադուլները մեծ արդյունք չեն տալիս, սովորաբար գործադուլավորների պահանջները չեն բավարարվում կամ բավարարվում է պահանջների չնչին մասը: Գործադուլներն էլ, որպես կանոն, երկար չեն տևում: Այլ է վիճակը Գերմանիայում, որտեղ արհմիությունները բավականին հզոր են, ունեն իրենց բանկերը, կարող են գործադուլավորներին վճարել իրենց չաշխատած օրերի համար, և գործը գործադուլի չի հասնում: Գերմանացի գործատուներն արհմիությունների հետ բանակցություններում նախընտրում են արագ համաձայնության հասնել` հիմնականում բավարարելով վերջիններիս պահանջները: Սոցիալ-դեմոկտրատական ավանդույթները Գերմանիայում միայն թեզիսներ չեն, այլ ամեն օր կյանքի կոչվող մեխանիզմներ, ինչն էլ բերել է հասարակական արդյունավետ համակարգերի ստեղծմանը:

Հայաստանյան հանրությունն արհմիությունների մասին իր պատկերացումները ժառանգել է ԽՍՀՄ-ից: ԽՍՀՄ-ն ինքը մի մեծ արհմիություն էր, աշխատավորների իրավունքների պաշտպանության սեփական համակարգով, ինչն ամբողջովին իրականացվում կամ չէր իրականացվում պետության կողմից: Դա իր մեջ ներառում էր սոցիալական երաշխիքներ անվճար կրթության, առողջապահության, հանգստի ևայլ ծառայությունների ու ապրանքների տեսքով: ԽՍՀՄ փլուզումը բերեց նաև սոցիալական այս երաշխիքների փլուզման` բնակչության մոտ առաջացնելով ֆրուստրացիա:

Հետխորհրդային Հայաստանի տնտեսության ծանր վիճակը, անկախության առաջին տարիների դժվարությունները ետին պլան էին մղել աշխատավորների պաշտպանության որևէ մեխանիզմի ստեղծումը: Սոցիալիստական հասարակարգից կապիտալիստականի անցումը ենթադրում էր նաև տարբեր համակարգերի ներդրում սոցիալական ոլորտում, այնինչ մեզ մոտ դա հիմնականում արտահայտվեց սեփականության ձևերի փոփոխությամբ: Արդարության համար պետք է նշել, որ այդ ժամանակ չկային համապատասխան ուղեղներ կամ վերոնշյալ համակարգերին ծանոթ մարդիկ, որոնք ձեռնամուխ կլինեին փոխված հասարակարգում արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:

Վերջին տասնամյակում Հայաստանում բուռն թափ հավաքած հանքարդյունաբերությունը նոր խնդիրներ է դնում աշխատավորների շահերի պաշտպանության տեսանկյունից: Անկախության երրորդ տասնամյակը թևակոխած երկրում աշխատավորների շահերի պաշտապանություն ասելով հասկանում են միայն աշխատանքային պայմանագրի առկայությունը: Նոր սոցիալական մեխանիզմների մշակումն այսօր մնում է հայաստանյան հասարակության գլխավոր խնդիրներից մեկը, հասարակության ձևավորման, ինքնակազմակերպման կարևոր նախապայման:

Մեկնաբանել