Հերթական չկատարողականը

2013թ. առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտները կազմել են Դ231,3 մլրդ, ծախսերը՝ Դ206,1 մլրդ։ Եկամտային մասով առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 3%-ով, այն դեպքում, երբ ծախսայինը թերակատարվել է 11,2%-ով։ Արդյունքում այս հունվար-մարտին պետբյուջեն կատարվել է Դ25,1 մլրդ հավելուրդով՝ ծրագրված Դ7,5 մլրդ պակասուրդի դիմաց։

Համաձայն ֆինանսների նախարարության «2013թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիր» հրապարակման՝ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) գերակատարել է առաջին եռամսյակի հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշը։ Հաշվետու ժամանակահատվածում պետբյուջեի հարկային եկամուտները պետք է կազմեին Դ212 մլրդ, ՊԵԿ-ն ապահովել է Դ220 մլրդ-ի մուտքեր։ Հավաքագրված ծավալը ծրագրվածից ավելի է 3,8%-ով, անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ 24%-ով։

ՊԵԿ-ը մի կողմից հարկային մուտքերն ապահովել է կանխավճարների հաշվին, մյուս կողմից՝ «մարել» անցած տարվա կանխավճարներն ու գերավճարները։ Վերջինիս օգտին է խոսում թերևս այն, որ այս հունվար-մարտին շահութահարկի գծով հարկային մուտքերն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են ընդամենը 0,5%-ով՝ կազմելով Դ22,9 մլրդ։

Ըստ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի՝ տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներ, որի մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 18,75%-ի չափով։ Անցած տարի ՊԵԿ-ի առջև խնդիր էր դրվել ապահովել Դ101 մլրդ-ի լրացուցիչ հարկային եկամուտներ, և գումարի մի մասը հավաքագրվել էր կանխավճարների հաշվին, ինչի մասին է վկայում այն, որ 2012թ. շահութահարկի գծով հավաքագրումների աճը կազմել է 21,8%։

Օրենքով սահմանված է, որ «եթե հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման՝ «Հարկերի մասին» օրենքի 33 հոդվածի համաձայն (Հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված որևէ հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարները (գերավճարները) հարկային մարմնի կողմից հաշվանցվում են հարկ վճարողի այլ պարտավորությունների հաշվին)»։
Բայց եթե այս տարվա առաջին եռամսյակում ՊԵԿ-ը մասամբ «մաշեցրել է» շահութահարկի գծով կանխավճարները, ապա եկամտային հարկի գծով «կուտակել» է կանխավճարներ, իսկ ԱԱՀ-ի գծով՝ գերավճարներ։

Այսպես՝ ներկրման 1,9%, առևտրաշրջանառության 6,5% և արտահանման 3% աճի պայմաններում ԱԱՀ-ի գծով հարկային մուտքերն ավելացել են 36,7%-ով կամ Դ25,7 մլրդ-ով՝ կազմելով Դ94,8 մլրդ։ ԱԱՀ-ի աճին իր նպաստն է բերել առաջին եռամսյակում դրամի 5,4% արժեզրկումը։ Ներկրված ապրանքների ԱԱՀ-ն գանձվում է սահմանին, և հաշվարկման համար հիմք է ընդունվում մաքսային արժեքը՝ արտահայտված դոլարով։

Ուշագրավ է, որ ներկրման ընդամենը 1,9% աճի պայմաններում մաքսատուրքի գծով մուտքերն անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել են 72%-ով՝ կազմելով Դ10,6 մլրդ։ Այս հարկատեսակի աճում նույնպես իր դերակատարությունն է ունեցել դրամի արժեզրկումը։

ՊԵԿ-ը կանխավճարներ է հավաքագրել նաև եկամտային հարկի գծով։ Այս տարվա հունվարին տնտեսավարողները վճարել են Դ3,64 մլրդ-ի եկամտային հարկ, այն դեպքում, երբ ըստ գործող օրենսդրության՝ հաշվարկված եկամտային հարկը պետբյուջե է վճարվում ֆիզիկական անձանց եկամուտների հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ։ Պարզ ասած՝ հունվարի եկամուտների համար հաշվարկված հարկը պետք է վճարվեր մինչև փետրվարի 20-ը։ Տնտեսավարողները, սակայն, «կամավոր պարտադիր» սկզբունքով վճարումները կատարել են հունվարին։

Խնայել թոշակների և աշխատավարձերի հաշվին
Պետբյուջեի կատարողականի առաջին եռամսյակի ամփոփ բնութագրում ֆինանսների նախարարությունը թեև նշել է, որ ապահովել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար-մարտին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը, սակայն գերատեսչություններն այդքան էլ հակված չեն եղել ծախսել պետական միջոցները։ Արդյունքում պետբյուջեի ծախսային մասը կատարվել է ծրագրվածի 88,8%-ով։

Եթե հաշվետու ժամանակահատվածում ծառայությունների և ապրանքների ձեռքբերման ծախսերի ծրագրված ցուցանիշի 12% թերակատարումը հնարավոր է բացատրել տնտեսումներով, ապա անհասկանալի է, օրինակ, թե ինչպես է ստացվել, որ պետական հիմնարկներում վարձատրությանն ուղղված միջոցները (Դ19,8 մլրդ) կազմել են եռամսյակի համար ծրագրված ցուցանիշի 89,7%-ը, իսկ սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանն ուղղված միջոցները (Դ69,5 մլրդ)՝ 93,5%-ը։

Մեկնաբանել