Եվրոպական օֆշորները կրճատվում են ևս մեկով

Լյուքսեմբուրգում որոշել են չխորացնել տարաձայնությունները Եվրամիության հետ և հրապարակել սեփական բանկերում օտարերկրացիների հաշիվների մասին տվյալները։

Եվրոպայում շարունակվում է պայքարը օֆշորների դեմ. վերջին զոհը Կիպրոսն էր: Ներկայում մեծանում է ճնշումը Լյուքսեմբուրգի վրա, որը «հարկային դրախտավայրի» համարում ունի։ Երկրի իշխանությունները որոշել են չխորացնել տարաձայնությունները Եվրամիության հետ և հրապարակել սեփական բանկերում օտարերկրացիների հաշիվների մասին տվյալները, հաղորդում է Reuters-ը։

Հաշիվների տվյալների հրապարակման մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարար Լյուկ Ֆրիդենը: Նրա խոսքով՝ կընդլայնվի ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ տվյալների հրապարակման մասին համաձայնագիրը։ Մինչ այս համաձայնագրով նախատեսվում էր միայն մասնավոր անձանց հաշիվների մասին տվյալների հրապարակում։ Ներկայում դա արդեն կվերաբերի նաև օտարերկրյա ընկերություններին։ Լյուքսեմբուրգի համար սա բավական լուրջ քայլ է. երկրի բանկային հատվածի ծավալը $3 տրլն է, որը 22 անգամ գերազանցում է երկրի ՀՆԱ-ն։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալների համաձայն՝ 2012թ. ուղղակի ներդրումները Լյուքսեմբուրգում կազմել են $2,28 տրլն, որից միայն $122 մլրդ-ն է հոսել իրական տնտեսություն։

Լյուքսեմբուրգը «հարկային դրախտավայրի» համարում ունեցող երկիր է։ Ներկայում նման երկրները բարդ ժամանակներ են ապրում։ Այսպես՝ Կիպրոսը, գտնվելով դեֆոլտի եզրին, միջազգային դոնորներից ֆինանսական աջակցություն է ստացել այնպիսի պայմանների դիմաց, որոնք կասկածի տակ են դնում երկրի նկատմամբ ավանդատուների վստահության երբևէ վերականգնման հնարավորությունը։ Եվրոգոտու երկրների մեծ մասի՝ Կիպրոսի հետ կապված դժգոհությունը պայմանավորված է նրա օֆշորային գոտի լինելու հանգամանքով։
Ֆրանսիայում ևս վերջերս մեծ սկանդալ էր ծագել՝ կապված բյուջեի հարցերով նախկին նախարար Ժերոմ Կայուզակի հայտարարությամբ, թե ինքը Շվեյցարիայում բանկային գաղտնի հաշիվ ունի։ Մինչ այդ նախարարը պնդում էր, որ արտերկրում բանկային որևէ հաշիվ չունի։
Ապրիլի 29-ին ԵՄ հարկային հանցագործությունների շուրջ համաժողովին հրապարակվել է հարկային զեղծարարություններից և հարկերից խուսափելու հետևանքով ԵՄ կրած վնասի չափը՝ տարեկան €1 տրլն։ Համաժողովի մասնակիցները վնասները նվազեցնելու երեք հիմնական ճանապարհ են առաջարկել՝ հրաժարում բանկային, կորպորատիվ և պետական գաղտնիքներից։

Լյուքսեմբուրգը ԵՄ-ի հետ տարաձայնությունները չխորացնելու համար զիջումների է գնացել։ Երկրի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է 2015թ. վերացնել բանկային գաղտնիքի ռեժիմը և միանալ ԵՄ երկրների հետ բանկային տեղեկատվության ազատ փոխանակման ռեժիմին։ «Մենք կմիանանք համաշխարհային միտումներին։ Լյուքսեմբուրգի ֆինանսական սեկտորը այդքան մեծ կախվածություն չունի բանկային գաղտնիքից»,– ասել է Յունկերը: Ֆրիդենը բրիտանական Financial Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լյուքսեմբուրգը պատրաստ է տրամադրել ոչ միայն օտարերկրյա ընկերությունների, այլև մասնավոր անձանց բանկային գաղտնիքները։

Նրա խոսքով՝ Լյուքսեմբուրգը պատրաստ է միանալ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնած համաձայնագրի պիլոտային նախագծին, ըստ որի՝ պետք է հրապարակվեն ընկերությունների գործունեության վերաբերյալ մի շարք տվյալներ, որոնք սեփական կառավարություններից իրենց միջոցները թաքցնում են արտերկրում։

Ըստ պարբերականի՝ Լյուքսեմբուրգն օտարերկրյա ընկերությունների համար կկորցնի գրավչությունը, որոնց համար հաշիվների գաղտնիության ապահովումը այստեղ միջոցները պահելու հիմնական մոտիվն էր։ Ֆրիդենի խոսքով՝ գործող համակարգը թեև ավելի արդյունավետ է, երկրի իշխանությունները հարկադրված են ենթարկվել այլ երկրների կողմից գործադրվող ճնշումներին։

Մեկնաբանել