Մեր առջև կանգնած մարտահրավերները առաջին հերթին ներքին են. Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը կրկին գրառում է արել Ֆեյսբուքում՝ խոսելով ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերների մասին: Գրառումը ներկայացված է ստորև:

 Այս շաբաթ ամերիկյան հեղինակավոր «Արտաքին հարաբերությունների խորհուրդ» հետազոտական կազմակերպության նախագահ Ռիչարդ Հաասը հրատարակել է «Արտաքին քաղաքականությունը սկսում է տանը» (Foreign Policy Begins at Homе) խորագրով մի գիրք, որտեղ պնդում և հիմնավորում է, որ Միացյալ Նահանգների հիմնական մարտահրավերը ոչ թե դրսից է գալիս, այլ հենց ներսից: Նա փաստերով հիմնավորում է այն միտքը, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը կարող է լինել արդյունավետ և ազդեցիկ միայն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները ներսում ուժեղ և բարեկեցիկ լինեն:

Գիրքը դեռ չեմ կարդացել, բայց ծանոթացել եմ դրա մի քանի գրախոսականների և ընդհանուր բովանդակությանն ու գլխավոր թեզին: Կարծեք թե Հաասը այդ գիրքը Հայաստանի համար գրած լինի: Այնտեղ առաջ քաշված մտքերն ու եզրահանգումները առավել քան կիրառելի և այժմեական են նաև մեզ համար՝ այս շաբաթ Երևանում կայանալիք ընտրությունների համատեքստում, քանի որ մենք կրկին կանգնած ենք լինելու զարգացման մեր ճանապարհը որոշելու ընտրության առջև:

Իմ առջև նման ընտրություն կար 2008 թվականի ապրիլին, երբ թողել էի արտգործնախարարի պաշտոնը: Այն ժամանակ նախագահն ինձ առաջարկեց լինել իր՝ արտաքին հարցերով խորհրդականը և շարունակել զբաղվել արտաքին քաղաքականությամբ: Ես նախագահին ասացի, որ կցանկանայի ներգրավված լինել ներհայաստանյան և ոչ թե արտաքին քաղաքական խնդիրներով, որովհետև համոզված եմ, որ մեր առջև կանգնած մարտահրավերները առաջին հերթին ներքին են, և միայն դրանց հաջող հաղթահարումով մենք կկարողանաք լուծել մեր արտաքին հարցերը: Նախագահն ինձ հարցրեց՝ կոնկրետ ինչ կուզենայի անել, պատասխանեցի, որ միգուցե կուսակցություն ստեղծեմ կամ միանամ կուսակցություններից մեկին և այդ ճանապարհով ներդրում ունենամ պետության կայացման գործում:

Այդ օրվանից սկսած, առավել ևս այսօր, մեր քաղաքական գործընթացներում իսկապես նոր մշակույթ մտցնելու, աոողջ քաղաքական դիսկուրս և մրցակցություն ունենալու, քաղաքական դաշտում հակակշիռներ ստեղծելու մղումները միշտ ուղղորդել և ուղղորդում են իմ քաղաքական գործունեությունը:

Մարդիկ ինձ հաճախ ասում են, թե ունենալով Լեռնային Ղարաբաղի խնդիր և պատերազմի մշտական սպառնալիք՝ մենք չենք կարող մեզ թույլ տալ լիակատար ժողովրդավարության, լիակատար իրավունքների ու ազատությունների, լիակատար հանդուրժողականության «շռայլությունը»: Ես կպնդեի ճիշտ հակառակը հատկապես մայիսի 9-ի հաղթանակների նախօրեին:
Ես կրկին կասեմ, որ ղարաբաղյան մեր հաղթանակները և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիվանագիտական ամրագրումը պետք է լինեն մեր հավատի, հույսի ու խանդավառության աղբյուրը և երկրի առաջընթացի ու զարգացման հիմնական խթանը, իսկ Ադրբեջանի հոխորտանքները, սահմանային ոտնձգություններն ու պատերազմի սպառնալիքները չեն կարող մեզ կաշկանդելու, հաճախ մարդու իրավունքների ու քաղաքական ազատությունների ասպարեզում մեր անգործությունն արդարացնելու և հետևաբար՝ երկրի առաջընթացն ու ժողովրդավարացումը խանգարող գործոններ լինել:
Որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս պետք է ամրապնդենք ժողովրդավարությունը:
Որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս պետք է ազատ, արդար, մրցունակ և գրավիչ տնտեսություն ստեղծենք:

Որովհետև մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, մենք հնարավորինս արագ և անկեղծորեն պետք է ընդունենք մեր ազգային արժեքներին համահունչ եվրոպական արժեհամակարգը և ինտեգրվենք եվրոպական կառույցներին:

Որովհետև մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, մենք առավել ևս պետք է ստեղծենք քաղաքական հակակշիռների վրա գործող քաղաքական-պետական համակարգ:

Ահա սա է այն հնարավորությունը, որ մենք ունենք այժմ՝ կիրակի օրը: Երևանի բնակիչների 60 տոկոսը պետք է ՈՉ ասի իշխող կուսակցության մենաշնորհին: Այդժամ մենք ընտրած կլինենք ավելի ծաղկուն քաղաք, երկիր և խաղաղ հարևաններ ունենալու մեր ճանապարհը: