Միակ տարբերակը մնում է հեղափոխությունը

Հայաստանում ավարտվեց կեղծ ընտրությունների մեկ տարին: Ինչպես ցանկացած ավտորիտար ռեժիմ, այստեղ ևս իշխանությունը թույլ չտվեց որևէ փոփոխություն կամ իշխանության որևէ մաս չզիջեց ընտրությունների միջոցով: ՀՀԿ-ն, որը սերտաճել է պետության հետ, օգտագործեց իշխանական և տնտեսական ռեսուրսները վերարտադրվելու համար:

Հանրապետականը ընտրակաշառքի, պետական և լրատվական ռեսուրսների շնորհիվ նորից վերարտադրվեց: Վերջին երեք ընտրությունները ցույց տվեցին, որ հիմնական ընտրակեղծիքները տեղի են ունենում ընտրատեղամասից դուրս, որի վերահսկողությունը ավելի դժվար է: Եթե մի ժամանակ ընտրական գործընթաց վերահսկողը ընտրատեղամասում կարող էր նկարել լցոնումները կամ այլ խախտումներ, ապա այժմ դրանց մեծ մասը դուրս է եկել ընտրատեղամասից, որի վերահսկողությունը ավելի դժվար է դարձել: Օրինակ, երթուղայիններով կամ տաքսիներով ընտրողների տեղափոխումը վերահսկելը ավելի դժվար է դառնում: Ընտրատեղամասը վերահսկող մարդու կամ խմբի համար դժվար է տարբերել շարք կանգնած մարդկանց մեջ ով է կաշառքով ընտրելու, ով՝ ոչ:

Բացի դրանից, իշխանությունն իր սեփական դիտորդներն է ուղարկում ընտրատեղամաս, որոնք հաճախ թաքնված են լինում չեզոք դիտորդի բեյջի ներքո:

Հստակ է, որ ՀՀԿ-ն իշխանության որևէ մաս չի զիջելու և ընտրությունների միջոցով իշխանափոխություն թույլ չի տալու: Ընտրությունները նա միշտ էլ օգտագործելու է վերարտադրվելու համար:

Ռեժիմը վերջին երեք ընտրություններում հասարակությանը հստակ մեսիջ է տվել, որ ընտրությունների միջոցով ՀՀԿ-ն իշխանությունը չի զիջելու, և իշխանափոխության միակ տարբերակը մնում է հեղափոխությունը: Հանրապետականը քաղաքական ուժերի համար այլ տարբերակ չի թողել: Այժմ հասարակությունը պետք է քննարկի, թե որ տարբերակով է հնարավոր կատարել այդ հեղափոխությունը:

Ռեժիմին հաղթելու տարբերակներից մեկը կարող է լինել խաղաղ անհնազանդությունը, որը կարող է համակարգը անդամալույծ անել:
Ընդհանրապես, ավտորիտար ռեժիմների ամենամեծ թուլությունը քաղաքացիների անհնազանդությունն է ռեժիմի սահմանած ապօրինի խաղի կանոններին: Հենց այդ ճանապարհով են Սերբիայում ազատվել Սլոբոդան Միլոշեվիչի, Չիլիում՝ Պինոչետի ռեժիմից:

Խաղաղ անհնազանդության միջոցով անհրաժեշտ է շարժում ստեղծել, որի գլխավոր խնդիրը պետք է լինի ռեժիմի հենարաների չեզոքացումը: Օրինակ՝ Սերբիայում «Օտպոր» շարժումը կարողացել է իր կողմը գրավել ռեժիմի հենարան հանդիսացող ոստիկանությանը, որը շարժման ավարտին ուժ չի կիրառել քաղաքացիների նկատմամբ: Եվ քանի որ ոստիկանությունը Հայաստանում ռեժիմի գլխավոր հենարաններից մեկն է, անհրաժեշտ է աշխատել, որպեսզի այդ հենարանը որևէ կերպ դուրս գա ռեժիմի վերահսկողությունից: Ռեժիմը ունի նաև այլ հենարաններ, սակայն այսօր ամենագլխավորներից մեկը հենց ոստիկանությունն է, որի հետ աշխատանքը կարևոր է շարժման հաջողության համար:

Որ ռեժիմը երկրում բարեփոխումներ կատարելու որևէ ցանկություն չունի, ցույց է տվել վերջին հինգ տարիների ղեկավարումը: Երկրում բարեփոխումների հիմնական խոչընդոտը հենց ՀՀԿ-ն է, որը սերտաճել է պետության հետ: Երկիրը զարգացնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին մեկուսացնել այդ կուսակցությանը, և դա կատարողներից մեկը կարող է լինել շարժումը:

Մեկնաբանել