ՀԱԿ-ը դիմել է վարչական դատարան

Հայ ազգային կոնգրեսը դիմել է վարչական դատարան՝ անվավեր ճանաչելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 119-3Ա որոշումը, այն է՝ չեղյալ համարել մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, հաղորդում է ilur.am կայքը:

Կոնգրես իրավական աջակցության կենտրոնը համակարգող Արմեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ հայտի հիմքում դրված են ՀԱԿ-ի կողմից քվեարկության օրը հայտնաբերված բազմաթիվ խախտումները, ինչպես նաև՝ «Քաղաքացի դիտորդ» կազմակերպության արձանագրած խախտումները:

«Այդ խախտումներն ամփոփելով, ինչպես նաև վերլուծելով բավական մեծ թվով տեսանյութեր քվեարկության ընթացքում արձանագրված այլ խախտումների վերաբերյալ՝ հանգել ենք այն եզրակացության, որ դրանք զանգվածային, համակարգված և իրենց համեմատության մեջ փոխկապակցված բնույթ են կրել և կարող էին էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա», – նշել է Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ հայտում պահանջվում է ավագանու ընտրության արդյունքները անվավեր ճանաչել վարչական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի հիման վրա: Դատարանը պարտավոր է հայցի վերաբերյալ վճիռ կայացնել 7-օրյա ժամկետում:

Մեկնաբանել