Ընտրախախտման վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Ղ.Մկրտչյանի կողմից մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, հաղորդում են դատախազության մամուլի ծառայությունից:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ. մայիսի 5-ին` Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը, Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Ղ.Մկրտչյանը, Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով, գնացել է թիվ 11/32 ընտրատեղամաս, որտեղ փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ:

Նրա մոտ հայտնաբերվել է 2 ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված 1-ական քվեաթերթիկ։

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Ղ.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասոթւթյան առաջին ատյանի դատարան:

Մեկնաբանել