Չհայտարարված մահվան դեպք բանակում

Զինծառայող Հայկ Կալեյանի մահվան դեպքի նախաքննության ավարտից հետո նրա ընտանիքին հնարավորություն չի տրվել ծանոթանալ քրեական գործի նյութերին, նրանց չի տրամադրվել քրեական գործի պատճենը, ինչը նախաքննական մարմնի` գործը վարող քննիչի պարտականությունն է. տեղեկանում ենք Journalists for human rights իրավական լրատվական կայքից:

Հենց այս պատճառաբանությամբ էլ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հայկ Կալեյանի մահվան գործով մայիսի 24-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի միջնորդությամբ` քրեական գործի նյութերին ծանոթանալու և պատշաճ պաշտպանություն իրականացնելու նպատակով:

Չնայած սոցիալական ոչ բարվոք պայմաններին` Հայկի մայրը` Նվարդ Պետրոսյանը, փորձել է փաստաբան ներգրավվել գործում որդու մահվան պատճառներն իմանալու, սակայն քննիչը նրան համոզել է, որ փաստաբանը հենց ինքն է, և մայրը հավատացել է` հրաժարվելով իրական փաստաբանից: Դատական նիստից օրեր առաջ միայն մայրը տեղեկացել է, որ իրեն խաբել են: Նրանց շահերն այժմ դատարանում ներկայացնում է Արթուր Սաքունցը:

Հայկ Կալեյանը բանակ էր զորակոչվել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղից և հասցրել էր ծառայել ընդամենը 74 օր: Նախաքննության ավարտից հետո գործը դատարան է ուղարկվել «ինքնասպանության» վարկածով: Ըստ պաշտոնական վարկածի զինծառայողն իրեն ամրակցված գնդացրից որովայնի շրջանում 3 կրակոց է արձակել, ինչի արդյունքում մահացել է: Ծնողները չեն հավատում այս վարկածին:

Ի դեպ, մահվան այս դեպքը, որը տեղի է ունեցել 2012-ի սեպտեմբերի 6-ին տեղ չի գտել ՊՆ-ի կողմից արվող պաշտոնական հաղորդագրությունների մեջ:

«Մենք մնացինք մեր սգի հետ, մեր դուռը բացող չեղավ»,- ասել է մայրը:

Լուսանկարը՝ jfhr.am-ի

Մեկնաբանել