Պետականություն և պատասխանատվություն

Երբ 1918-ի հունիսի 4-ին Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանն ու Միքայել Պապաջանյանը Բաթումում Հայաստանի Հանրապետության անունից Օսմանյան կայսերական կառավարության հետ կնքեցին Հաշտության և բարեկամության պայմանագիր, հայ շատ քաղաքական գործիչներ ու հրամանատարներ, այդ թվում զորավար Անդրանիկը, ՀՅԴ-ին մեղադրեցին դավաճանության մեջ և լքեցին հայրենիքը:

Նրանք հայտարարում էին, թե չեն կարող հանդուրժել և ծառայել մի երկրում, որը հիմնադրվել էր «թուրքի ձեռքով»: Բացի այն, որ պատմության դառը հեգնանքով, Հայաստանի անկախությունը առաջինը ճանաչեցին թուրքերը, շատերի համար իրական հայրենիքը Արևմտյան Հայաստանն էր, այդ պատճառով՝ Հայաստանի Հանրապետությունը հաճախ անվանվում էր Արարատյան կամ Երևանյան Հանրապետություն՝ երբեմն այդ բառերը դնելով չակերտների մեջ:

1918-ի մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը հռչակել էր Հայաստանի անկախությունը կամ որ ավելի ճիշտ է՝ «հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը»: Երկու օր անց՝ մայիսի 30-ին արված պաշտոնական հայտարարության մեջ, բացակայում էին «անկախություն» և «հանրապետություն» բառերը:

Պատմության չգրվող կամ չշեփորահարվող հատվածը երբեմն ավելի է մոտ է իրականությանը, քան այն, ինչ հարմարեցնում են ժամանակի ոգուն, ֆետիշացվում ու պրոպագանդվում: Այսպես, ակնավոր դաշնակցական Սիմոն Վրացյանի վկայությամբ` Հայոց Ազգային խորհուրդը Թիֆլիսում հարկադրված եղավ Հայաստանը հայտարարել անկախ, «որովհետև այն պահին անկախությունը բոլորի կողմից համարվում էր ահավոր մի հեռանկար, հայ ժողովուրդը թուրքերի լծի տակ գցելու վտանգ»: «1918թ. մայիսին թուրքերն ի վիճակի էին գրավելու և Երևանը, և ամբողջ Հայաստանը, բայց չգրավեցին: Հակառակը, հունիսի 4-ին Բաթումում, Հայաստանի նորակազմ կառավարության ներկայացուցիչների հետ նրանք ստորագրեցին հաշտության դաշնագիր և դրանով փաստորեն ճանաչեցին Հայաստանի անկախությունը», գրել է Վրացյանը:

Սրանով, անշուշտ, չի նսեմացվում 1918-ի հաղթանակների մայիսը: Տարիների հեռվից, հատկապես, երբ գրեթե համոզված ես, որ այսօրվա Հայաստանի հիմքը հենց Առաջին Հանրապետությունն է, այն օրերի հայ քաղաքական ու ռազմական գործիչներին գնահատական տալիս առաջնորդվում ես ոչ թե զգացմունքներով, այլ սթափությամբ: Արամ Մանուկյանը և Դրաստամատ Կանայանը, Հովհաննես Քաջազնունին ու Սիմոն Վրացյանը պատասխանատու պետական գործիչներ էին առաջին հերթին: Նրանց համար հայրենիքը վիրտուալ տարածք չէր: Նրանք էլ ունեին երազանքների անսահման, դեպի ծով ելքով հայրենիք, ինչպես զորավար Անդրանիկն ու Պողոս Նուբար փաշան: Հայ ժողովրդի պատմության ամենածանր օրերին նրանք առաջնորդվեցին պետականության նկատմամբ խորը պատասխանատվության զգացումով: Նրանք լուռ ու մունջ տարան թուրքերի պարտադրանքները, սակայն ստեղծեցին Հայաստանի Հանրապետությունը:

Ընդամենը 10-12 հազար քառակուսի կիլոմետրի վրա ստեղծված հայկական պետությունը, Վրացյանի խոսքերով՝ «անձև քաոսի ու ավերակների կույտ» էր՝ «կծկված ցամաք լեռների մեջ, աշխարհի խուլ անկյունում, ծանրաբեռնված գաղթականներով ու որբերով, շրջապատված ատամ կռճտացնող թշնամիներով, անհաց, անդեղ, անօգնական»:

Բայց այդ հանրապետությունը, որտեղ առաջին ձմռան և գարնան վեց ամիսներին սովից ու հիվանդությունից մահացավ շուրջ 180 հազար մարդ, այդ թվում՝ հիմնադիրներից ներքգործնախարար Արամ Մանուկյանը, իր գոյության ընդամենը ՀԱԶԱՐ օրերի ընթացքում ընդարձակվեց՝ իր մեջ ներառելով Արևելյան կամ Ռուսական Հայաստանի մեծագույն մասը, այդ թվում՝ Նախիջևանն ու Կարսը: Մոտ 12 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը ստեղծումից մեկ տարի անց արդեն դարձել էր 45 հազար քառակուսի կիլոմետր:

Երկուսուկես տարվա գոյությունից հետո Հայաստանի Առաջին Հանրապետությունը խորհրդայնացվեց, իսկ 1922-ի դեկտեմբերին Խորհրդային Վրաստանի և Խորհրդային Ադրբեջանի հետ մաս կազմեց ԽՍՀՄ-ին: ԽՍՀՄ-ին կցվելուց առաջ Խորհրդային Հայաստանը դարձել էր 30 հազար քառակուսի կիլոմետր:

Այսպես, յոթանասուն տարի մնալով ԽՍՀՄ կազմում, Խորհրդային Հայաստանը պահպանեց ինքնուրույնության որոշակի մակարդակ, ինչի շնորհիվ էլ վերականգնեց անկախությունը, երբ 1991-ին պատմության բեմից հեռացավ ԽՍՀՄ-ը:

Լուսանկարը՝ Պանարմենիանի

Մեկնաբանել