Բնապահպաններին արգելում են այցելել «Խաչաղբյուր-2» հէկի կառուցման տարածք

Համահայկական բնապահպանական ճակատի` «Կանաչ ջոկատի» անդամներն այսօր` մայիսի 28-ին այցելել է Գետահովիտ` հանդիպելու գյուղացիների հետ և միասին այցելելու «Խաչաղբյուր-2» հէկի կառուցման տարածք, ասված է «Ելակետ» լրատվականի տարածած հաղորդագրությունում:

Գյուղացիները բնապահպաններին պատմել են, որ իրականում իրենց ճնշել և վախեցրել են, որպեսզի նրանք չհամարձակվեն ընդվզել հէկի կառուցման դեմ: «Գյուղացիների հետ զրույցում պարզ դարձավ, որ այս ընթացքում նրանց բազմիցս սպառնացել և վախեցրել են՝ կնոջդ կհեռացնենք աշխատանքից, ուսանող տղուդ կկտրենք համալսարանից: Բացահայտ երևում էր խուժան կրիմինալի ներկայությունը և ազդեցությունը գյուղում»,- պատմել է բնապահպան Մարիամ Սուխուդյանը:

«Մենք հանդիպեցինք և զրուցեցինք գյուղացիների հետ, մարդիկ սկսեցին կամաց-կամաց մոբիլիզացվել: Հավաքվում էինք, որպեսզի միասին բարձրանանք հէկի կառուցման տարածք: Այդ ընթացքում 4-5 հոգի թափթփուկներ հայտնվեցին և սկսեցին գյուղացիների անունից խոսել, դրանք ամենայն հավանականության հէկ կառուցող «ՄեգաԷներջի» ընկերության աշխատողներն էին կամ Հանրապետական կուսակցության աշխատողներ»,- իր հերթին ասել է բնապահպան Եղիա Ներսեսյանը:

Բնապահպանների խոսքով` նրանք սկսել են վիճել ակտիվիստների հետ` փակելով նրանց ճանապարհը իրենց 57 LO 283 niva և 25 OO 423 վիլիս մեքենաներով մեքենաներով և գոչել` չեք գնալու, քանի որ ամբոջ գյուղը կողմ է հէկի կառուցմանը: Գյուղացիներն իրենց հերթին գոռում էին, որ նրանք սուտ են խոսում: Բնապահպանները ահազանգել են ոստիկանության թեժ գծին:

Ներկա պահին պայքարը շարունակվում է: Ակտիվիստները փորձում են գնալ հէկի կառուցման տարածք:

Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 6-ին Գետահովիտում տեղի ունեցած հանրային լսումների արդյունքում բնակիչների 99%-ը դեմ էր արտահայտվել հէկի կառուցմանը:

Մեկնաբանել