Ս.Սարգսյանն ընդունել է հայկական երկաթուղու կառավարումն ստանձնած ընկերությունների նախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինին. հաղորդում է ՀՀ Նախագահի մամլո ծառայությունը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առաջնային նշանակություն է տալիս հայ-ռուսական դաշնակցային գործընկերության հետևողական ամրապնդմանն ու զարգացմանը, որի կարևոր բաղադրիչներից է համագործակցությունը տրանսպորտի բնագավառում: Այդ համատեքստում է, ըստ Հանրապետության ղեկավարի, դիտարկվում նաև «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ փոխգործակցությունը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Վլ. Յակունինին կառուցողական և արդյունավետ աշխատանքի համար, ընդգծել նրա անձնական ներդրումը Հայաստանում տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման գործում: Վլ. Յակունինը հանդիպման սկզբում շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հանրապետության տոնի առթիվ, մաղթել հաջողություններ:

Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած ընկերության նախագահը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման ուղղությամբ իրականացված և ընթացիկ աշխատանքները, նշել, որ այսօր ՀՀ վարչապետի և պաշտոնատար այլ անձանց հետ միասին Գյումրիում բացել են վագոնային վերանորոգման և լոկոմոտիվային դեպոները, որոնց շնորհիվ, նրա խոսքով, նաև նոր աշխատատեղեր են բացվել այդ տարածաշրջանում:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Վլ. Յակունինը քննարկել են հայկական երկաթուղու ներկայիս վիճակին, զարգացման հեռանկարներին, կոնցեսիոն պայմանագրով «Ռուսական երկաթուղիներ»-ի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր:

Մեկնաբանել