Էվերեստի լանջերից հավաքվել է մոտ չորս տոննա աղբ

Հնդիկ և նեպալցի զինծառայողները աշխարհի ամենաբարձր գագաթի՝ Էվերեստի լանջերից հավաքել են շուրջ չորս տոննա աղբ: Այս մասին հաղորդել է Press Trust of India լրատվական գործակալությունը:

Հնդկանեպալական թիմը լեռան վրա անցկացրել է մեկուկես ամիս՝ գրեթե ամեն օր հավաքելով ամբողջ աշխարհից լեռնագնացների բազմաթիվ վերելքների արդյունքում մնացած թափոնները:

Հավաքված աղբի ընդհանուր քանակից մոտ 2,2 տոննան այսպես կոչված կենսաբանորեն վտանգավոր թափոններն են: Էվերեստի մաքրման առաջին բնապահպանական նախաձեռնության կազմակերպիչները հայտարարել են, որ աղբից կձերբազատվեն առանց վնասելու շրջակա միջավայրը:

Էվերեստի բարձրությունը ծովի մակարդակից 8848 մ է: Լեռը գտնվում է Հիմալայներում՝ Չինաստանի և Նեպալի սահմանին: Առաջին մարդը, որը պարզել է, որ Էվերեստը աշխարհի ամենաբարձր գագաթն է, հնդիկ մաթեմատիկոս և տեղանքագիր Ռադխանաթ Սիքդարն է, որը, գտնվելով լեռից 240 կմ հեռավորության վրա, 1852թ. եռաչափական հաշվարկների միջոցով պարզել է, որ Էվերեստը աշխարհի ամենաբարձր լեռն է:

Մեկնաբանել