Թիմ Կուկը` iOS-ի ապագայի մասին

iOS օպերացիոն համակարգը, որով աշխատում են iPhone սմարթֆոններն ու iPad պլանշետները, ծրագրային մշակման մասնագետներին ավելի մեծ հնարավորություններ կընձեռի բջջային ծրագրերի ստեղծման ազատության հարցում: Այն մասին, որ ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը չի բացառում այդպիսի հնարավորությունը, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը AllThingsDigital D11 համաժողովի շրջանակում, հաղորդում է Mashable-ը:

Կուկը նշել է, որ որոշ օգտագործողներ կցանկանային iOS-ի բարդ բաղադրիչների մատչում ունենալ, ինչպես Android օպերացիոն համակարգի դեպքում է: Նա չի բացառել նաև ժամանակի ընթացքում Android-ի համար ծրագրերի մշակման գործընթաց սկսելու հնարավորությունը:

Բացի այդ` Apple-ի ղեկավարը խոստովանել է, որ ընկերության առաջատար դիզայներ Ջոնի Այվն աշխատում է iOS-ի արտաքին նոր տեսքի վրա, և այն անվանել է սպասվող ափդեյթի «իրական բանալին»: Հիշեցնենք, որ Այվը, որ նախագծել է MacBook, iPhone, iPad և iPod սարքավորումների արտաքին տեսքը, Apple-ի փոխնախագահ Սքոտ Ֆորստոլի` ընկերությունից հեռանալուց հետո ստանձնել է նաև ծրագրային մասի նախագծման պարտավորությունները:

Կուկը հավելել է, որ iOS 7-ն ու OS X-ի նոր տարբերակը կներկայացվեն հունիսի 10-14-ը կայանալիք Apple WWDC համաժողովի շրջանակում:

AllThingsDigital-ի հետ Թիմ Կուկի 80-րոպե տևողությամբ հարցազրույցը ներկայացված է տեսանյութում:

Մեկնաբանել