ՀԱԿ-ը բողոքի ցույց կկազմակերպի ընդդեմ ԵԽԽՎ-ի

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` մայիսի 31-ին` ժամը 13:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի մոտ, որտեղ տեղի է ունենալու ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը, բողոքի ցույց է կազմակերպելու:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում տեղ գտած ամենաթողության, երկրի հանցավոր կառավարման, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման պատճառներից մեկը հանդիսանում է վերոնշյալ երևութների նկատմամբ միջազգային հանրության` տվյալ պարագայում ԵԽԽՎ-ի ոչ համաչափ արձագանքը, մայիսի 31-ին` ժամը 13:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի է ունենալու ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միությունը կանցկացնի բողոքի ցույց:

Ցույցը տեղի կունենա հետևյալ պահանջներով`

1. Պահանջել ՀՀ-ում գործող իշխանություններից ձեռնարկել կոնկրետ քայլեր 2008 թվականի Մարտի 1-ին իրագործված սպանդը բացահայտելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով

2. Անհապաղ արձագանքել վերջին` Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում տեղ գտած ապօրինություններին

3. Դատապարտել իշխող հանրապետական կուսակցության կողմից բոլոր տեսակի ընտրությունների հետևողական կեղծումը, քաղաքացիների ահաբեկումը, ընտրակաշառքի բաժանումը

4. Պահանջել դադարեցնել քաղաքական հետապնդումը Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյնաի նկատմամբ, եւ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին:

Տվյալ արատավոր երևույթենրի հանդուրժումը թույլ է տալու ՀՀ քաղաքացիներին ենթադրելու, որ ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովը Սերժ Սարգսյանի ոչ օրինակարգ իշխանության հետ ձեռք է բերել հանցավոր համաձայնություն Հայաստանը թալանելու գործում:

Կոչ ենք անում անարձագանք չթողնել ՀՀ-ում տիրող իրավիճակը և հավատարիմ մնալ ԵԽԽՎ-ի կողմից որդեգրած սզբունքներին, նպաստել Հայաստանում Սահմանադրական կարգի վերականգնման և իրական ժողովրդավարության կայացման գործին:

Կոչ ենք անում նաև ՀՀ-ում գործող բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, քաղաքական ուժերին և Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներին միանալ բարձրացված պահանջներին և ներկա գտնվել բողոքի ցույցին»:

Մեկնաբանել