ՀԾԿՀ-ն մինչև մայիսի 31-ը կընդունի նոր առաջարկներ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 29-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ: Վերջինում մասնավորապես ասված է. «ՀԾԿՀ-ն տեղեկացրել էր, որ բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի թափանցիկությունը և հրապարակայնությունը հանրության համար ապահովելու նպատակով՝ սույն թվականի մայիսի 29-ին կազմակերպվելու է աշխատանքային քննարկում: Ցավոք, աշխատանքային քննարկումը չկայացավ, ներկա գտնվող որոշ մասնակիցների ոչ կառուցողական մոտեցումների պատճառով:

Կարևորելով բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի վերաբերյալ հանրության իրազեկվածության ապահովումը, ղեկավարվելով հանձնաժողովի գործունեության հրապարակայնության սկզբունքով, խնդրվում է բոլոր շահագրգիռ կողմերին, նշված գործընթացի հետ կապված գրավոր և բանավոր առաջարկությունները, մինչև սույն թվականի մայիսի 31-ը` ժամը 18:00-ը, ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ք.Երևան, Սարյան 22, կամ էլեկտրոնային փոստով՝ [email protected]) կամ դրանց մասին հայտնել, գործող հատուկ բացված հեռախոսային թեժ գծին, հետևյալ հեռախոսահամարով՝ 528 521»:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին ՀԾԿՀ-ում նախատեսված քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ակտիվիստները հանձնաժողովից պահանջել էին շենքի դիմաց հավաքված բոլոր անձանց թույլատրել մուտք գործել դահլիճ և մասնակցել քննարկմանը: ՀԾԿՀ նախագահի տեղակալ Շիրազ Կիրակոսյանը պատճառաբանել էր, որ դահլիճի հնարավորությունները սահմանափակ են, ուստի քննարկմանը ոչ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել: Համաձայնություն էր ձեռք բերվել ավելի ընդարձակ պայմաններում ևս մեկ քննարկում կազմակերպելու վերաբերյալ:

Մեկնաբանել