Դ. Դումանյանի հանձնարարականները` առողջապահության մարզային պատասխանատուներին

Լուսանկարը` Moh.am-ի

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացել է գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում ժամանակ նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է մի շարք կարևոր հարցերի վրա:

Ինչպես հաղորդում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, Դերենիկ Դումանյանն ասել է, որ որոշ մարզերից և Երևանի առանձին պոլիկլինիկաներից ահազանգեր են ստացվում, որ շաքարային դիաբետով հիվանդներն իրենց անհրաժեշտ դեղերը չեն ստանում այն դեպքում, երբ նախարարությունն ապահովում է դրանց անխափան մատակարարումը` եռամսյակային կտրվածքով, բժշկական բոլոր հաստատություններին բաշխելով անհրաժեշտ ինսուլինային սրվակներով և հակադիաբետիկ հաբերով: Նախարարը հանձնարարել է հետևել պոլիկլինիկաների աշխատանքին և բացառել նման դերքերը։ Միաժամանակ` նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է օժանդակել դեղերն անխափան բուժհիմնարկներ հասցնելու գործընթացին։

Նախարարը նաև մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուներին ներկայացրել է Ծննդօգնության և Երեխայի պետական հավաստագրերի` մայիսի 1-ից մարզային կտրվածքով տեղայնացման արդյունքները։ Նա նշել է, որ անցած օրերի տվյալներով մարզերից Երևան եկող ծնունդների թիվը 15%-ով նվազել է, ուստի հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել ուղեգրումների նկատմամբ, իսկ մեկ ամսվա արդյունքները մանրակրկիտ ուսումնասիրել` ճշտելու, թե հատկապես որ մարզերից կամ բուժհաստատություններից են ավելի շատ ուղեգրեր տրվում և որքանով են դրանք արդարացված։ Նախարարը հանձնարարել է ամենայն խստությամբ զբաղվել այս խնդրով, որպեսզի նախկին իրավիճակին վերադառնալու խնդիր չառաջանա, երբ շատ դեպքերում հղիներն ինչ-ինչ պատճառներով ուղղորդվում էին որոշակի ծննդատներ։

Դումանյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում տեղի ունեցած ավտովթարներից տուժածներին մայրաքաղաք տեղափոխելու խնդրին։ Նա ասել է, որ մարզերում կառուցված կամ հիմնանորոգված արդիական հիվանդանոցների ղեկավարները պետք է մտածեն ոչ թե ծանր հիվանդներին մայրաքաղաք տեղափոխելու, այլ առանց երբեմն ճակատագրական ժամանակը կորցնելու` տեղում բժշկական օգնություն կազմակերպելու մասին։ Երևանից ռեանիմոբիլ պահանջելու և հիվանդին մայրաքաղաք տեղափոխելու փոխարեն ավելի ճիշտ կլինի անհրաժեշտ նեղ մասնագետին հրավիրել իրենց մոտ։ Այլ բան է, եթե բարձր տեխնոլոգիաների անհրաժեշտություն է լինում, որը կարելի է միայն Երևանում ապահովել։ Նախարարը մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է նաև այս խնդրին։

Քննարկված հարցերից բացի` նախարարը հանձնարարականներ է տվել հունիսի 15-ից Երևան-Սևան մայրուղում շտապօգնության բրիգադների հերթապահությունները սկսելու նպատակով նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ տանելու կապակցությամբ։

Մեկնաբանել