Քուվեյթի ԱԺ նախագահը Հ. Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է իր երկիր

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և ԱԺ պատգամավորները մայիսի 30-ին ընդունել են Քուվեյթի Պետության ԱԺ նախագահ Ալի Ֆահդ ալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի միջպետական ու խորհրդարանական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: Նրա գնահատմամբ՝ ստեղծված է մեծ ներուժ, առկա են բոլոր հնարավորությունները՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի խթանման ու այդ ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման համար: Միջխորհրդարանական կապերի զարգացման առումով նա կարևորել է բարեկամական խմբերի հետևողական աշխատանքն ու փոխայցերի ակտիվացումը:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի իշխանություններին հայկական համայնքի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:

Խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է տարածաշրջանային զարգացման ու անվտանգության խնդիրներին՝ հավաստիացնելով, որ Հայաստանը եղել և մնում է բոլոր ազգերի ու ժողովուրդների հետ խաղաղ գոյակցության ու բազմակողմ հարաբերությունների հաստատման կողմնակից: Նա ներկայացրել է խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին բռնակցելու պատմական անարդարության փաստը, խոսել է Ադրբեջանի որդեգրած հայաթափման քաղաքականության, Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության ու ինքնորոշվելու հաստատակամության, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնահարցի կարգավորման առկա իրողությունների մասին՝ հավաստիացնելով, որ Հայաստանը շարունակում է մնալ հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից:

Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է նաև 1915թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությանը, ապա շնորհակալություն հայտնեց արաբ ժողովրդին՝ այդ տարիներին կոտորածից մազապուրծ հայությանը աջակցելու ու հանգրվան տալու համար: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ Թուրքիան ոչ միայն չի ուզում ճանաչել իր կատարած ոճրագործությունը, այլև այսօր էլ շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը և ամեն ինչ անում է՝ ձախողելու առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու Հայաստանի նախաձեռնությունները: Հովիկ Աբրահամյանը վերահաստատել է այն միտքը, որ, չնայած առկա իրողություններին, Հայաստանը շարունակում է իր հարևանների հետ խաղաղ գոյակցության քաղաքականությունը:

Քուվեյթի ԱԺ նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները հետայսու ավելի կամրապնդվեն երկու երկրների համար փոխշահավետ տնտեսական ու քաղաքական կապերի զարգացմամբ: Նա բարձր է գնահատել Հայաստանի վարած կառուցողական ու խաղաղասիրական քաղաքականությունը և հույս է հայտնել, որ խաղաղ բանակցությունների ճանապարհով կլուծվեն հարևանների հետ եղած բոլոր տարաձայնությունները, ինչը տեղի ունեցավ Իրաքի հետ Քուվեյթի հարաբերություններում: Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը Քուվեյթի կյանքի տարբեր ոլորտներում ունեցած ներդրման համար բարձր է գնահատել հայկական համայնքի դերը՝ քուվեյթահայերին բնութագրելով որպես բանիմաց ու օրինապաշտ քաղաքացիներ:

Ալի Ֆահդ ալ Ռաշիդը Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է Քուվեյթ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին ու հնարավոր ներդրումներին: Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ Հայաստանի հարկային դաշտը լիբերալ է ու նպաստավոր ներդրումների համար: Ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, նա առաջարկել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներում կամ Քուվեյթ կատարելիք իր այցի շրջանակներում պատվիրակության կազմում ընդգրկել նաև գործարարների, որոնք համատեղ քննարկումների արդյունքում կհստակեցնեն իրենց անելիքները և կոնկրետ քայլեր կձեռնարկեն:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Քուվեյթի ԱԺ նախագահ Ալի Ֆահդ ալ Ռաշիդը գրառում է կատարել ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:

Մեկնաբանել