Հայաստանը ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնում է հավակնոտ օրակարգով. Հ. Աբրահամյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր` մայիսի 31-ին, ելույթ է ունեցել Երևանում ընթացող` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստին, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից: Հովիկ Աբրահամյանի ելույթն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Հարգարժան պարոն նախագահ, հարգելի արտաքին գործերի նախարար, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երևանում: Հուսով եմ` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի անցկացումը մեր մայրաքաղաքում` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում իր ուրույն էջը կբացի Հայաստանի և Եվրոպայի խորհրդի պատմության մեջ:

Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղվածությունը և եվրաինտեգրման գործընթացները գիտակցված ընտրության արդյունք է, որը խարսխված է մեր ընդհանուր արժեհամակարգի, հարուստ մշակութային և քրիստոնեական ժառանգության վրա և բխում է մեր ներքին օրակարգից: Այո, Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է կազմում ինչպես իր անցյալով, այնպես էլ իր ներկայով՝ ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության ապահովման, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ստանձնած իր հանձնառությամբ: Հենց այս մղումով և գիտակցությամբ էր, որ տասներկու տարի առաջ՝ 2001թ. Հայաստանը միացավ Եվրոպայի խորհրդին՝ վերահաստատելով իր պատմական ու մշակութային պատկանելությունը համաեվրոպական արժեհամակարգին:

Այսօր, կազմակերպությանն անդամակցությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս արտաքին գործերի նախարարության, առաջին անգամ ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Սա նշանակալից իրադարձություն է և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն մեզ համար:

Իր նախագահությունը Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հավակնոտ օրակարգով, որի առանցքում են Եվրոպայի խորհրդի առջև ծառացած այնպիսի մարտահրավերների դիմագրավումը, ինչպիսիք են անհանդուրժողականությունը, այլատյացությունը և ռասիզմի դրսևորումները: Մեր նախագահության օրոք մենք գործադրելու ենք հնարավոր միջոցները՝ այդ թվում նաև միջմշակութային երկխոսությունը, որպես այդ մարտահրավերները հաղթահարելու արդյունավետ միջոց:

Ժողովրդավարության ամրապնդման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների հետևողական պաշտպանության հանձնառությունը խարսխված է Հայաստանի իշխանությունների խորը գիտակցված համոզմունքի վրա: Այդ նույն հանձնառությամբ է պայմանավորված նաև Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը աջակցելու Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նախաձեռնած բարեփոխումների հավակնոտ ծրագրի իրականացմանը, որի նպատակն է Եվրոպայի խորհրդի դերակատարության և արդյունավետության բարձրացումը:

Հարգելի ներկաներ, դարեր շարունակ մարդկությունը պայքարել է անհանդուրժողականության, ռասիզմի և այլատյացության դեմ, սակայն 21-րդ դարում, ինչպես տեսնում ենք, այս խնդիրները դեռևս օրակարգային են: Գլոբալիզացիայի այս դարաշրջանում, մարդկանց լայնածավալ, երբեմն նաև անկառավարելի տեղաշարժի պայմաններում, մշակութային միջավայրը դառնում է ավելի բազմազան, ինչն առաջ է բերում սոցիալական և քաղաքական նոր մարտահրավերներ: Այս առումով, այսօր Եվրոպայի համար լրջագույն մարտահրավեր է անհանդուրժողականությունը: Տեղին է հիշել Մահաթմա Գանդիի հայտնի խոսքերը. «Անհանդուրժողականությունը ինքնին բռնության մի ձև է և խոչընդոտում է ժողովրդավարության իրական ոգուն»: Անհանդուրժողականությունն է ծնունդ տալիս ռասիզմին, այլատյացությանը, խտրականությանը, բռնությանը, որոնք, ի վերջո, վեր են ածվում հակամարտությունների: Այս համատեքստում Եվրոպայի խորհրդի դերակատարությունը պետք է լինի առավել գործուն և նպատակային՝ գործադրելով իր իսկ տրամադրության տակ եղած հարուստ իրավական գործիքակազմի ողջ զինանոցը:

Կցանկանայի առանձնակի ընդգծել ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից միջմշակութային երկխոսությունը որպես առաջնահերթություն հռչակելու կարևորությունը: Պատմականորեն լինելով տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկում և ունենալով հարուստ մշակութային ժառանգություն՝ Հայաստանը հարյուրամյակներ շարունակ եղել է մշակութային փոխազդեցությունների կենտրոնում: Նման ազդեցության ներքո են եղել նաև Եվրոպայի բոլոր երկրները: Դա մշակույթների փոխհարստացման, միմյանց ավանդույթների հարգման, ուստի նաև խաղաղ գոյակցման բացառիկ հնարավորություն է ընձեռել: Քանզի հանդուրժողականության հիմքն է հանդիսանում մշակույթների, կրոնների և ավանդույթների նկատմամբ հարգանքը: Մեր առաջնահերթ և ընդհանուր նպատակն է տարբեր ժողովուրդների միասնության ամրապնդումը, նրանց հոգևոր արժեքների ըմբռնումը:

Հարգելի գործընկերներ, ամփոփելով խոսքս` ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է եվրոպական կառույցներին ինտեգրվելու իր քաղաքականությանը: Մենք ունենք բարեփոխումների գործընթացը առաջ տանելու, արժանապատիվ, անվտանգ և ժողովրդավարական պետություն կառուցելու բավարար քաղաքական կամք: Սա մեր ժողովրդի, մեր քաղաքացիների ընտրությունն է: Այդ նպատակին հասնելու համար մենք վերահաստատում ենք եվրոպական կառույցների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցելու մեր պատրաստակամությունը:

Կրկին ողջունում եմ ձեզ Երևանում և մաղթում արդյունավետ աշխատանք:

Մեկնաբանել