Մայիսին գնաճը կտրուկ թափ է հավաքել

Այս տարվա մայիսին 12 ամսյա գնաճը կազմել է 5,2%՝ մոտենալով նպատակադրված գնաճի (4±1,5%) վերին մակարդակին: Ապրիլին 12-ամսյա գնաճը կազմել էր 3,9%:

Ազգային վիճակագրական ծառայություն «Սպառողական գների ինդեքսը ՀՀ- ում 2013թ. հունվար-մայիսին» հրապարակման համաձայն, 2013թ. մայիսին նախորդ ամսվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0,3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագներն աճել են համապատասխանաբար 0,1% և 0,5%-ով:

Այս տարվա մայիսին 2012թ. նույն ամսվա համեմատ սպառողական գներն աճել են 5,2%-ով, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 6,5%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 5%-ով, ծառայությունների սակագները`2,8%-ով։

ԱՎԾ-ի հրապարակումից երևում է, որ մայիսին գնաճի տեմպի արագացումը հիմնականում պայմանավորված է անցած տարվա բազայով։ Խնդիրն այն է, որ 2012թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել էր 1,3% գնանկում, այնինչ այս տարի գները մնացել են անփոփոխ:

Մայիսին գնաճի տեմպի արագացումը մտահոգիչ է, և առաջիկայում գնաճը ամենայն հավանականությամբ դուրս կգա թիրախային միջակայքից։ Խնդիրն այն է, որ մայիսին կատկտարհարությունը զգալի վնասներ է հասցրել գյուղոլորտին, և չի բացառվում, որ ամռան ամիսներին սեզոնային գնանկումը ոլորտում լինի սովորականից քիչ։ Բացի այդ, գնաճային լուրջ ուղղակի և անուղղակի ճնշումներ են սպասվում հուլիսի 1-ից սպառողների համար էլեկտրաէներգիայի և գազի գների բարձրացման հետ կապված։

Առաջիկա ամիսներին գնաճային ճշումների ավելալանալու մասին վկայում է նաև այն, որ 2013թ. մայիսին ամսական կտրվածքով պարենային ապրանքների շուկայում (բացառությամբ ոգելից խմիչքի և ծխախոտի շուկան) արձանագրված 0,4% գնանկումը մեծապես պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի` 10,9% և շաքարավազի` 0.4% գնանկումով:

Ըստ ԱՎԾ-ի՝ մայիսին տարեկան կտրվածքով բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում արձանագրվել է 5,9% գնանկում, շաքարավազի գները նվազել են 8,1%-ով։ Բայց մյուս կողմից ձկնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 2,8% գնաճ, մսամթերքի գները աճել են 4,1%-ով, կաթնամթերքինը՝ 6,9%-ով, հացամթերքինը՝ 10,8%-ով, կենդանական և բուսական յուղերինը՝ 12,5%-ով։ Սպառողական հիմնական ապանքների գների աճը տարեկան կտրվածքով հանգեցրել է պարենային ապրանքների գների 6,5%-աճի այն դեպքում, երբ այս տարվա չորս ամիսներին (հինգ ամիսների տվյալները դեռ չեն հրապարակվել) հանրապետությունում միջին աշխատավարձն աճել է 3%-ով։

Մեկնաբանել