ՀՀ արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանն այսօր` մայիսի 31-ին, ելույթ է ունեցել Եվրախորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստին, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է եվրոպական ամենահին և հեղինակավոր կառույցում` Եվրախորհրդում, Հայաստանի նախագահության գերակայությունները և գործունեության ծրագիրը։
Նա շեշտել է, որ ԵԽ-ում Հայաստանի նախագահության գերակայությունները սահմանվել են` նկատի ունենալով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերին, որոնք առավել էական են և պահանջում են անհապաղ արձագանք:
«Շարունակելու ենք աջակցել Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:
Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը:
Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու ատելության ու անհանդուրժողականության դեմ տարվող պայքարը, ռասիստական և այլատյացության հռետորաբանության՝ որպես քաղաքական քարոզչության գործիք օգտագործելու անթույլատրելիությունը, քանի որ դա պղծում է մարդկանց հոգիները, հասարակության մոտ թշնամու կերպար ստեղծում և անվստահություն սերմանում, ինչպես նաև բերում է ատելության հողի վրա հանցագործությունների խրախուսմանը: Հայաստանի նախագահությունը կնպաստի այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ կազմակերպելով բարձր մակարդակի համաժողով՝ նվիրված Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարին:
Տեղական ժողովրդավարությունը գերակայության ոլորտ է եղել մի շարք նախկին նախագահությունների համար, և այն մնալու է մեր գերակայությունների շարքում, քանի որ մենք իրապես հավատում ենք, որ տեղական ժողովրդավարությունը հասարակության ժողովրդավարական զարգացման համար առանցքային բաղադրիչ է հանդիսանում:
Կրթությունը նույնպես կլինի Հայաստանի նախագահության ուշադրության կենտրոնում։ Մենք մեր նպաստը կբերենք բարձրագույն կրթության ոլորտին վերաբերող թեմաների շուրջ երկխոսությանը: Եվրոպայի խորհուրդը կարևոր աշխատանք է իրականացնում ի աջակցություն Բոլոնիայի գործընթացի, որը ներկայում առաջնորդում է Հայաստանը։
Հատուկ ուշադրություն ենք դարձնելու մասնակցային ժողովրդավարությանը և համապատասխան գիտելիքների տարածմանը՝ հատկապես երիտասարդության շրջանում:
Հայաստանի նախագահությունը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի գործունեության մշակութային հարթությանը, որը նպատակաուղղված է Եվրոպայի հարուստ և բազմազան մշակութային ժառանգության մասին իրազեկության բարձրացմանը:
Հայաստանի նախագահությունը նաև կնպաստի Եվրոպայի խորհրդի՝ այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացմանը:
Նախագահության ընթացքում մենք սերտորեն կաշխատենք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի և Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի հետ»,- ասել է ԱԳ նախարարը։
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը ԵԽԽՎ մշտական կոմիտեի նիստի մասնակիցներին տեղեկացրել է մայիսի 16-ին կայացած ԵԽ նախարարների կոմիտեի արդյունքների և ընդունած որոշումների մասին, որոնք վերաբերում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառման արդյունավետության բարձրացմանը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների
իրագործման նկատմամբ վերահոսկողությանը, Եվրոպայի խորհուրդ-Եվրոպական միություն համագործակցությանը՝ այս առումով կարևորելով ԵՄ միացումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենիցային, հարևան տարածաշրջանների նկատմամբ Եվրոպայի խորհրդի քաղաքականությանը։
Ելույթում Նալբանդյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այդ կառույցները միևնույն նպատակն են հետապնդում՝ առաջ մղել մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքները։
«Էական է, որ Նախարարների կոմիտեն և ԵԽԽՎ-ն աշխատեն իրենց մանդատներին համապատասխան, աշխատեն համահունչ՝ կազմակերպության առջև դրված նպատակներին հասնելու համար։ Սա իհարկե չի նշանակում, որ այս մարմինների տեսակետերն ու մոտեցումները պետք է պարտադիր կերպով նույնը լինեն։ Յուրաքանչյուրն ունի հստակ գործառույթներ և երևույթները դիտարկում է հենց
այդ տեսանկյունից։ ԵԽ-ում Հայաստանի նախագահությունը ցանկանում է և պատրաստակամ է բարի կամքով և համագործակցաբար աշխատել ԵԽԽՎ հետ՝ նպաստելու կազմակերպության նպատակների իրականացմանը և ամրապնդելու քաղաքական երկխոսությանը Նախարարների կոմիտեի և Վեհաժողովի միջև»,- ասել է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը։