Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել. Մերկելն իր զրուցակցին սխալմամբ անվանել է Միտերան: Վերջինս Ֆրանսիայում նախագահել է 1981-1995թթ.:
«Հարցերը, որոնց վրա աշխատում ենք, արդեն թվարկվել են Ֆրանսուա Միտերանի կողմից. խոսքը մրցունակության խրախուսման, զբաղվածության մակարդակի բարձրացման, տնտեսական աճի տեմպերի ավելացման մասին է», – Մերկելին մեջբերել է ֆրանսիական Le Figaro թերթը:
Ֆրանսիայի նախագահը Մերկելի վրիպակը չի լսել, քանի որ թարգմանիչն ուղղել է կանցլերի սխալը:
«Ֆրանսուա Օլա՛նդ, ոչ թե Ֆրանսուա Միտերա՛ն», – ինքն իրեն անմիջապես ուղղել է Մերկելը: Այս խոսքերը լսելուն պես Ֆրանսիայի նախագահը ժպտացել է:
Ելիսեյան պալատում Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների բանակցությունները նվիրված էին հունիսի վերջին կայանալիք ԵՄ գագաթաժողովի օրակարգին: