Քաղաքապետարանը կարևորում է թափառող կենդանիների վնասազերծման ծրագրերը. Տ. Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպմանն այսօր` մայիսի 31-ին, թափառող կենդանիների հետ կապված հարցեր է քննարկել, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը կարևորում է թափառող կենդանիների վնասազերծման համար համալիր ու ժամանակակից ծրագրերի իրականացումը մայրաքաղաքում:

«Քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է լսելու ցանկացած առաջարկություն ու իր լիազորությունների շրջանակում գործուն աջակցություն ցուցաբերել այդ ծրագրերի իրականացման հարցում»,- ասել է քաղաքապետը:

Կենդանաբույժ վիրաբույժների թագավորական դպրոցի անդամ Մել Կավանան առանձնակի կարևորել է Տարոն Մարգարյանի աջակցությունը Երևանում ընթացող դասընթացների կազմակերպման հարցում և համագործակցության պատրաստակամություն է հայտնել ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իր հերթին կարևորելով թափառող կենդանիների խնդրի կարգավորումը, հույս է հայտնել, որ օտարերկրյա մասնագետների փորձը օգտակար կլինի Երևանի համար և, որ այս հարցում միջազգային համագործակցությունը գործնական ընթացք կստանա:

Նշենք, որ Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչները Երևանում են բրիտանական «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի, «Կենդանաբույժների համաշխարհային ծառայություն» միջազգային կազմակերպության ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ ընտանի կենդանիների ստերջացման թեմայով մայիսի 25-ից մինչև հունիսի 4–ը անցկացվող 10-օրյա դասընթացների շրջանակում:

Մեկնաբանել