«Ոսկե» անկարգությունները տարածվել են Ղրղըզստանի հարավ

Ղրղըզստանի հարավում՝ Ջալալաբադ քաղաքում, ի աջակցություն «Կումտոր» ոսկու հանքի ազգայնացման ցույցի մասնակիցները գրավել են մարզային ադմինիստրացիայի շենքը։ Այս մասին հաղորդում է ղրղըզական 24.kg լրատվական գործակալությունը։

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ շենք են ներխուժել մոտ 200 մարդ, նրանք աշխատավայր չեն թողնում կառավարության լիազոր ներկայացուցիչ Ժուսուբալի Տորոմամատովին։ Նրա փոխարեն «ժողովրդական մարզպետ» են նշանակել ոմն Մեդետ Ուսենովի, որը «Էլ ունու» ընդդիմադիր շարժման համակարգողն է, ինչպես նաև հայտարարել են սեփական քաղաքապետ նշանակելու մտադրության մասին։ Դեպքի վայրում կա մոտ 200 ոստիկան, նրանք ցուցարարներին կարգուկանոնի կոչ են անում, սակայն առայժմ չեն ցրում նրանց։

Ջալալաբադի կենտրոնական հրապարակում բողոքի ցույցը սկսվել է ժամեր առաջ։ Ըստ լրատվամիջոցների՝ նրա մասնակիցներն աջակցել են Իսիկ Կուլի մարզի Ջետի-Օգուզ շրջանի ցուցարարների պահանջներին (չեղյալ հայտարարել պայմանագիրը կանադական Centerra Gold ընկերության հետ, որը 1997-ից «Կումտոր» հանքի 100% բաժնետոմսերի սեփականատերն է), ինչպես նաև ներկայացրել են ընդդիմադիր «Աթա Ժուրտ» կուսակցության դատապարտված առաջնորդներին ազատ արձակելու հավելյալ պահանջ։ Բացի այդ՝ նրանք երկրի նախագահին ու վարչապետին կոչ են արել հրաժարական տալ։

Երկրի հյուսիսում՝ Ջետի-Օգուզ շրջանում, անկարգությունները սկսվել են մայիսի 31-ի առավոտյան։ Շրջանում իրադրությունը սրվել էր դեռ այս շաբաթվա սկզբին։ Իսիկ Կուլի մարզի մի քանի հարյուր բնակիչներ մայիսի 28-ին արգելափակել էին «Կումտոր» հանք տանող մայուղին։ Մայիսի 30-ին նրանք գրավել էին «Տամգա» ենթակայանը և անջատել էին էլեկտրաէներգիայի մատակարարումը հանքին ու ոսկու կորզման գործարանին։ Մայիսի 31-ի առավոտյան ոստիկանությանը հաջողվել էր «հետ վերցնել» ենթակայանը և ձերբակալել անկարգությունների կազմակերպիչներին։ Համաձայն վերջին տեղեկությունների՝ ցուցարաները կրկին հոսանքազրկել են հանքը։

Ջետի-Օգուզ շրջանում բողոքի ցույցերը շարունակվում են։ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը այնտեղ արտակարգ դրություն է մտցրել։

Մեկնաբանել