Նատյուրմորտի ցուցահանդես Թերլեմեզյանում

Պիտի խոստովանել, որ ժանրային ցուցահանդեսներ մեզանում այնքան էլ հաճախ չեն կազմակերպվում: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է նատյուրմորտին՝ գեղանկարչության ամենադժվարահաճ ժանրերից մեկին։

Այն ինքնակա արժեք ձեռք բերեց 17-րդ դարում՝ կերպարվեստի ազգային ռեալիստական դպրոցների ձևավորման շրջանում։ Արվեստագետներն սկսեցին առավել ուշադրությամբ վերաբերվել շրջակա իրերին՝ այսպես կոչված առարկայական աշխարհին: Կտավի «հերոսներ» դարձան մրգերն ու ծաղիկները, ծովի բարիքներն ու խոհանոցային պարզ իրերը: Ու որքան էլ 18-րդ դարի կեսին ակադեմիզմի կողմնակիցները քամահրաբար արտասանեին իրենց իսկ առաջարկած «նատյուրմորտ» (nature mort-մեռյալ բնություն) եզրույթը՝ հակադրելով այն «կենդանի բնությանը» (պատմական ժանր, դիմանկար և այլն), միևնույն է, ժամանակը վկայեց այդ ժանրի խորքում թաքնված անսպառ հնարավորությունների մասին:

Իտալիայում նատյուրմորտի ժանրի ծաղկմանը մեծապես նպաստեց Կարավաջոն, Իսպանիայում՝ Ֆրանսիսկո Սուրբարանը: Հոլանդական և ֆլամանդական ազգային դպրոցներում (Պիտեր Կլաս, Ֆրանս Սնեյդերս) «մեռած բնությունը» կերպարանափոխվեց «խաղաղ բնության» (stil-liven)՝ արտացոլելով սովորական մարդու մասնավոր կյանքի մանրամասները: Այդօրինակ կտավները ոչ միայն շնչում էին անսովոր կենդանությամբ և հատկորոշվում իրենց մեջ պարունակյալ կենսահաստատ ուժով, այլև լուծում էին լույս ու ստվերի և ֆորմայի ու տարածության գեղանկարչական խնդիրներ:

Հայ կերպարվեստը ևս անմասն չմնաց այս ժանրի ձեռքբերումներից: Որ այդ ավանդույթները շարունակվում են և նոր ծիլեր տալիս, լավագույնս երևաց օրերս Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում կազմակերպված նատյուրմորտի ցուցահանդեսի ժամանակ: Հատկանշականն այն է, որ մասնակիցները խեցեղենի և դիզայնի բաժինների առաջին կուրսերի ուսանողներն էին: Զարմանալ կարելի էր, թե ինչպես էին կարողացել 14-15 տարեկան պարման-պարմանուհիներն ինքնարտահայտվել պատկերված իրերի մեջ ու դրանց միջոցով։

Առավել հետաքրքրականն այն էր, որ բոլորը կամ գրեթե բոլորը, նույն նատյուրմորտը նկարելով, դրսևորել էին ստեղծագործական ուրույն ձեռագրեր: Ավելին՝ Գևորգ Օրդակյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը, ևս մի քանիսը միաժամանակ իրենց մի քանի գրաֆիկական լուծումներն էին առաջարկել: Ընդ որում՝ դրանք արված էին ոչ միայն տարբեր նյութերով (ջրաներկ, գուաշ, տուշ, կավճամատիտ և այլն), այլև պարունակում էին միևնույն թեմայի տարբեր մեկնաբանություններ։ Անշուշտ, արժանին պիտի մատուցել նկարչության ուսուցչուհի Սվետլանա Սարգսյանին, որը ոչ միայն չէր կաշկանդել պատանիների ստեղծագործական ազատությունը, այլև մասնագիտական խորհուրդներով ուղղորդելով հանդերձ՝ կորզել էր նրանցից անհատական մոտեցումներ։

Տեսնել էր պետք, թե ինչպես էին Թերլեմեզյանի սաներն ու նրանց ծնողները ոգևորվում՝ լսելով հրավիրված հյուրերի՝ նկարիչների, արվեստաբանների, այցելուների՝ ԱՄՆ-ից և Կանադայից հիացական խոսքերը: Իրոք, բոլորն էին զարմացած նորահաս թերլեմեզյանցիների անսովոր հասունությունից, այն էլ՝ նատյուրմորտի ժանրում։ Յուրաքանչյուրը, ինչպես արդեն նշեցինք, սկահակի, սկուտեղի, խեցու և մրգերի միևնույն համակցության մեջ իր վերաբերմունքն էր արտահայտել, ակամա իր խոհն ու մտածումը դրել։

Իրերը ժամանակի ընթացքում այնքան էլ չեն փոխվում և, որպես կանոն, նույնն են մնում. մարդու վերաբերմունքն է կրում էական փոփոխություններ։ Հենց վերջինս է արտահայտվում նատյուրմորտի մեջ՝ պայմանավորելով այդ ժանրի ուժն ու անանց հմայքը: Լուռ առարկաները նոր գույն ու կերպ են ստանում, լույս ու ստվեր առնում, դառնում մերթ հանգիստ, մերթ էլ «ջղային ու նյարդայնացած»: Նույնիսկ երեխաների մանկական հայացքը մատնում էր մեր օրերի լարվածությունն ու անհանգիստ ռիթմը:

Ցուցահանդեսի պատանի մասնակիցները մինչև վերջ ու խորությամբ էին ընկալել տրված առաջարկը, երբեմն նույնիսկ վեր բարձրացել դրանից։ Արդյունքում նատյուրմորտը հաճախ վերածվել էր կոմպոզիցիոն ինքնուրույն աշխատանքի, ստացել նոր հնչեղություն։ Գրեթե բոլորը կարողացել էին լուծել ոճավորման բարդ խնդիրը՝ ստեղծելով դեկորատիվ նատյուրմորտների մի ամբողջական նկարաշար։ Ուրախացնում էր, անշուշտ, նաև գրաֆիկական տարբեր միջոցների տիրապետելու սաների հմտությունը։ Առանձնացնենք Դիանա Ռիզերի ջրաներկ աշխատանքը, Լիլիթ Գուրեխյանի՝ կավճամատիտով արված ակադեմիական նկարը։ Միևնույն թեմայի ուշագրավ ընթերցումներ էին դիզայնի բաժնի առաջին կուրսեցիներ Մոնիկա Ջիմբաշյանի, Անի Սարգսյանի, Աննա Մկրտչյանի, Հովհաննես Հովհաննիսյանի գործերը։ Իսկ խեցեգործության բաժնի ուսանող Արտուշ Պետրոսյանը արտահայտչական ժլատ միջոցներով հասել էր գեղարվեստական տպավորիչ ամբողջականության։ Ավելացնենք, որ տոնայնության խնդիրների արծարծումը գրաֆիկական միջոցներից զատ պայմանավորված էր նաև տարագույն մոնոխրոմ թղթերի օգտագործմամբ։

Այս ամենից հետո ակամա խորհում ես՝ նման տեմպերով շարունակելիս մինչև ո՞ւր կհասնեն այս օժտված պատանիները, և արդյո՞ք նրանց ստեղծագործական հասունացումը կընթանա աստիճանական զարգացման սկզբունքով՝ առանց դույզն-ինչ վնաս հասցնելու նրանց անհատականությանը: Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանն այս իմաստով ունի, հիրավի, փառավոր ավանդույթներ և սկզբնավորման օրվանից՝ 1921-ից մինչ այսօր նկարիչների ու քանդակագործների բազում սերունդներ է դաստիարակել։ Ափսոս որ, այս կրթօջախի մասին վերջին շրջանում հիմնականում խոսվեց տնօրենի պաշտոնի շուրջ ծավալված պայքարի առումով։ Մինչդեռ արժեր բազմակողմանի լուսաբանել ներկա ցուցահանդեսը՝ հասկանալու համար, որ գոնե ստեղծագործական առումով այստեղ ամեն ինչ կարգին է։

Լուսանկարները՝ Լևոն Լաճիկյանի

Մեկնաբանել