Սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն

Սյունիքից ստացված լուրերի համաձայն, սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով Գորիսի զորամասի հրամանատարն է, տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը դեպքի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է. «Հունիսի 1-ին, ժամը 23:40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հ. Հունանյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Ա. Զաքարյանը և Սյունիքի մարզային վարչության պետ Վ. Ավագյանը:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Դեպքին ականատեսները և բոլոր հնարավոր վկաները հարցաքննվում են: Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ քերական գործը վարում է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային քննչական բաժինը: Նա հրաժարվեց ձերբակալվածների կոնկրետ թիվ հրապարակել, պատճառաբանելով, թե տվյալները փոխվում են:

Աշոտ Ահարոնյանը չհրապարակեց ձերբակալվածների, բերման ենթարկվածների անունները, սակայն նշեց, որ հանցագործության մասնակիցների ինքնությունը հայտնի է, կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ, հատուկ հսկողության տակ գտնվող անձինք:
«Իրեղեն ապացույցները նույնպես կան, հայտնաբերվել և առգրավվել են նաև զենքեր, կան խոստովանական ցուցմունքներ: Համապատասխան քննչական և օպերատիվ միջոցառումները շարունակվում են», – հավելեց նա:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե դեպքին ինչ առնչություն ունեն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրա հարազատները, մասնավորապես թիկնապահը, մորաքրոջ թոռը, Աշոտ Ահարոնյանն ասաց. – «Այս պահին այդ տեղեկությունները ստուգվում են, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ»:

Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով սպանված Ավետիք Բուդաղյանը Գորիսի քաղաքապետի վերջին ընտրությունների ժամանակ չէր թաքցրել քաղաքում առկա լարվածության մասին տեղեկությունները: Ավետիք Բուդաղյանի մրցակիցը Գորիսի ներկայիս քաղաքապետն էր, որին այն ժամանակ սատարում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Azatutyun.am

Photo: http://locatravel.net/

Մեկնաբանել