Սիրելի Լիսկան

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որը հայտնի է նաև Լիսկա կամ Լիցկա մականունով, իր քաղաքական գործունեության երկու տասնամյակների ընթացքում մշտապես հայտնվել է սկանդալների ու քրեական պատմությունների կիզակետում, սակայն ամեն անգամ կարողացել է «մաքուր» դուրս գալ:

Կկարողանա՞ այս անգամ ևս հաջողել՝ կախված է առաջին հերթին Սերժ Սարգսյանի տրամադրությունից և հումանիզմից: Բոլորովին վերջերս՝ Մայիսի 9-ի առիթով, Սյունիքի մարզպետը Սերժ Սարգսյանի կողմից արժանացել էր «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի:

Ընդհանրապես, երբ կարդում ես Սուրեն Խաչատրյանի կենսագրությունը, որը դրված է իշխող Հանրապետական կուսակցության կայքում , թվում է՝ գործ ունես ուսյալ, ինտելեկտուալ ու առաքինի գործիչի հետ: Խաչատրյանը Հայաստանի զինված ուժերի գնդապետ է: Պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Բաղրամյան», «Մայրական երախտագիտություն», «Մարտական ծառայություն» մեդալներով, «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» և «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշաններով։

Այս անունները լսելով ինչպե՞ս, ի՞նչ բարոյական իրավունքով կարող է Սերժ Սարգսյանը պատժել իր սիրելի մարզպետին: Ե´վ հանրապետական է, և´ նվիրյալ նժդեհական, և´ ընտրությունների ժամանակ ամենալավ ձայներ բերողն է:

Սուրեն Խաչատրյանը ծնվել է 1956թ., օգոստոսի 1-ին կդառնա 57 տարեկան: 1991-1995 թվականներին նա սովորել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտի «Արտադրության էկոնոմիկա և կառավարում» ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-մենեջերի որակավորում։ Գրեթե նույն՝ ուսանողական տարիներին, երբ նա 35-36 տարեկան էր, եղել է Գորիսի կամավորական թիվ 3 գումարտակի հրամանատար (1992-1994):

Պատերազմի ավարտից հետո ստացել է իր ավարը՝ դառնալով Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահի 1-ին տեղակալ, այսինքն՝ փոխքաղաքպետ (1994-1996): Ապա դարձել է Գորիսի քաղաքապետ (1996-1999): Խաչատրյանը 1999-2004 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2004թ. մարտին այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան նշանակել է Սյունիքի մարզպետ: Այդ պաշտոնը նա զբաղեցնում է արդեն 10-րդ տարին:

Ըստ պաշտոնական կենսագրականի՝ Սուրեն Խաչատրյանը 2000-2003 թթ. սովորել է Պետական կառավարման ակադեմիայի «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» ֆակուլտետում՝ ստանալով պետական ծառայողի որակավորում։

Վերջերս մի հարցազրույցում Սյունիքի մարզպետը ասել էր, որ ժամանակը բավարարում է, որպեսզի գիշերները զբաղվի հայոց պատմության հարցերով: Անգամ գիրք է գրել: Նա ասել էր, որ իր հետաքրքրության թեման 1918-1921 թթ. Սյունիքի պատմությունն է և արդեն պաշտպանել է թեկնածուական: Սակայն ֆրանսահայ լրագրող Սեդա Մավյանը բացահայտել էր, որ մարզպետը փորձել էր պաշտպանել թեկնածուական 2009թ., սակայն երկու տարի անց հետ էր վերցրել իր գործը՝ «Սյունիքի անկախության հռչակման գործընթացքը 1918-21թթ»:

Նույն այդ հարցազրույցում նա սպառնացել էր. «Հենց ժողովրդի մոտ Րաֆֆիի [Հովհաննիսյան] գլուխը կջարդեմ: Հասկացա՞ր, ինչ եմ ասում, Սեդա (ծիծաղ): Ո՞նց, չես ճանաչո՞ւմ ինձ, Հայաստանի աչքի առաջ գլուխը կջարդեմ օձի գլխի պես»:

Դրանք այն օրերն էին, երբ նախագահական կեղծված ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը շրջում էր Հայաստանում, իսկ Կապանում՝ ճիշտ մարզպետարանի դիմաց, հազարավոր մարդկանց ներկայությամբ Սուրեն Խաչատրյանին անվանում «Լիսկա»:

Ավելի վաղ՝ 2011թ., Սյունիքի մարզպետը Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ծեծել էր գործարար Սիլվա Համբարձումյանին, որը համարձակվել էր Խաչատրյանին մեղադրել գողության մեջ:

Լիսկան իր դաժանության մեջ խտրականություն չի դնում՝ լինի կին, տղամարդ, թե անչափահաս: «Վիկիլիքսը» ահա թե ինչպես է ներկայացնում մեկ այլ սկանդալային պատմություն: Խոսքը 2008թ. ապրիլյան դաժան բռնության մասին է, երբ նորընտիր Սերժ Սարգսյանի սիրելին ծեծում է 16-ամյա գորիսցի տղայի, որը վիճաբանել էր Լիսկայի որդու հետ, երբ վերջինս իրեն պարկեշտ չէր պահել մի աղջկա նկատմամբ: Ըստ «Վիկիլիքսի», երբ տղան ափսոսանք չէր հայտնել կատարված առիթով, Լիսկան իր առանձնասենյակում հարվածներ էր հասցրել: Երբ տղայի քթից սկսում է արյունահոսություն, Սերժ Սարգսյանի սիրելի մարզպետը դրսևորում է մեծագույն հումանիզմ՝ արյունահոսող տղային մեկնելով անձեռոցիկը: Սակայն տղան չի վերցնում անձեռոցիկը: Ահա այստեղ ավարտվում է Լիսկայի հումանիզմը, և նա սկսում է դաժանաբար ծեծել 16-ամյա տղային: Ավելին, ըստ «Վիկիլիքսի», Լիսկան կարգադրում է, որ մոտակա հիվանդանոցում նրան բուժում չտրամադրեն, և տղայի ծնողները որդուն տեղափոխում են Երևան:

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Մեկնաբանել