Վաճառել՝ ի՞նչ

Չնայած Արմեն Մովսիսիյանն ասել է, որ Որոտանի հէկերի համալիրը չի վաճառվում, բայց նա խոսել է նաև դրա մասնավորեցման մասին:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 7-ի նիստում կքննարկի և ամենայն հավանականությամբ կհաստատի հուլիսի 1-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագները վերջնական սպառողների համար: Կառավարությունը հայտարարել է սահմանին ռուսական գազի $270/1000 խմ գնի 30%-ը սուբսիդավորելու մասին, բայց դեռ չի հստակեցնում՝ ինչ միջոցների հաշվին: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հունիսի 5-ին հայտարարել է, որ գազի գինը նվազեցնելու կամ սուբսիդավորելու հնարավորություններ գտնելու համար ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են: Առավել հավանական է, որ Հայաստանը գազի գնի սուբսիդավորումն իրականացնելու համար Ռուսաստանին հանձնի իր հաշվեկշռում մնացած ակտիվներից մեկը: Չնայած Արմեն Մովսիսիյանն ասել է, որ Որոտանի հէկերի համալիրը չի վաճառվում, բայց նա խոսել է նաև դրա մասնավորեցման մասին:

Արմեն Մովսիսյանը, ըստ PanArmenian.net-ի, լրագրողներին ասել է, որ իրենք ռուսական կողմի հետ բանակցում են նաև կառավարության կողմից գազի գինը 30%-ով սուբսիդավորելու համար աղբյուրներ գտնելու շուրջ, որպեսզի այն գրանտային միջոցներով փոխհատուցվի:

Նախարարի հայտարարությունն ուշագրավ է այն տեսակետից, որ ՀԾԿՀ-ն վերջնական սպառողների համար գազի սակագնի (բնակչության համար Դ156/1 խմ, խոշոր գազասպառողների համար՝ $277/1000 խմ) հաշվարկման հիմքում դրվել է $189/1000 խմ գինը (սահմանին գազի $270/1000 խմ գնի 30%-ը կառավարության կողմից սուբսիդավերելուց հետո): Մոտավոր հաշվարկներով՝ միայն այս տարվա հուլիսի 1-ից մինչև 2014թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում սուբսիդավորում իրականացնելու համար կառավարությանը կպահանջվի $140 մլն: Թեև հայտարարվում է սուբսիդավորումը գրանտային միջոցներով իրականացնելու մասին, բայց հասկանալի է, որ Ռուսաստանը դժվար թե Հայաստանին անհատույց նման մեծ գումար հատկացնի, հատկապես, եթե հաշվի առնենք անցյալի փորձը՝ «Գույք պարտքի» դիմաց ծրագիրը։ Հայաստանին Ռուսաստանի հատկացրած $100 մլն պարտքի դիմաց 2002թ. հայաստանյան հինգ ձեռնարկություններ (Հրազդանի ջէկը, «Մարս» գործարանը, Երևանի նյութաբանության, Երևանի մաթեմատիկական մեքենաների և Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտները դարձան Ռուսաստանի սեփականություն։ Եթե նախկինում Ռուսաստանը չներեց $100 մլն պարտքը, այդքան էլ հասկանալի չէ, թե ներկայում ինչու պետք է անհատույց $140 մլն տրամադրի:

Վաճառել՝ ի՞նչ

Կառավարությունը սուբսիդավորումը չի կարող իրականացնել նաև վարկային միջոցների հաշվին: «ԱՄՀ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրված հուշագրով սահմանված է, որ հարկաբյուջետային շրջանակում փոփոխություններ տեղի չեն ունենան, և այդ ամենը պահպանվելու է միջնաժամկետ կտրվածքով»,- օրերս ՍիվիլՆեթին ասել էր Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: Նա նշել էր, որ սուբսիդավորումը չի կարող իրականացվել նաև նոր վարկային միջոցներ ներգրավելու ճանապարհով: ԱՄՀ-ն շարունակում է պնդել, որ գազի սուբսիդավորումը չտարածվի բոլորի վրա, այլ կառավարությունը օժանդակի միայն խոցելի խավերին։

Ստեղծված իրավիճակում սուբսիդավորման համար միակ տարբերակը կառավարության կողմից ակտիվ վաճառելն է։ Կառավարության հաշվեկշռում մնացած խոշոր ակտիվներից է Որոտանի հէկերի համալիրը: Մայիսի 22-ին Մովսիսյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի պատրաստվում վաճառել Որոտանի հէկերի համալիրը ՝ վերջնական սպառողի համար գազի սակագնի սուբսիդավորման նպատակով: Երեկ, սակայն, նախարարը խորհրդարանում հայտարարել է, որ Որոտանի հէկն արդեն տասը տարի է՝ մասնավորեցման ցուցակում է: Նա նշել է, որ Որոտանի հէկը 40 տարվա կայան է, և մեծ ներդրումներ են անհրաժեշտ դրա կյանքը մի քանի տարով ավելացնելու համար: Իհարկե, նախարարը հերթական անգամ ասել է, թե հէկը չի վաճառվում, սակայն մասնավորեցման մասին հայտարարությունը վկայում է, որ հիդրոկայանների համալիրի վաճառքը ցանկացած պահի կարող է դառնալ օրակարգի հարց։

Համալիրը բարոյապես մաշված է, սակայն նրա վերազինման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կան։ 2010թ. վերջին կառավարությունը գերմանական KfW բանկի հետ ստորագրել է €51 մլն-ի վարկային պայմանագիր։ Միջոցները պետք է ուղղվեն Որոտանի համալիրի «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» հէկերի արդիականացմանը և վերազինմանը։ Արդիականացումից հետո ամենամոտ հաշվարկներով Որոտանի համալիրն առնվազն $400 մլն կարժենա (համալիրի գումարային տեղակայված հզորությունը կազմում է 404 ՄՎտ): Որոտանի հէկերը ապահովում են Հայաստանի էլէկտրաէներգիայի պահանջարկի մոտ 16%-ը:

Մեկնաբանել