Հանրապետության հրապարակը Հին Երևանի վերջին մոհիկանն է. ճարտարապետ

Հանրապետության հրապարակի հայեցակարգի, տեսլականի ճշտումը լավ բան է, կարելի է քննարկել, բայց այս մրցույթի հայտարարման առումով վտանգներ կան. «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում նշեց ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը: Ըստ նրա՝ այն փաստը, որ արդեն իսկ հուշում են, որ պետք է ստորգետնյա ավտոկայանատեղի, գմբեթ կառավարության շենքի վրա, Ազգային պատկերասրահի շենքն էլ քանդել, նշանակում է, որ կա պատրաստի նախագիծ, և ուրեմն հայեցակարգի հստակեցման մասին չի խոսքը: «Մրցույթի 7-8 էջանոց փաստաթղթում մի բառ անգամ չկա, որ Հանրապետության հրապարակը հուշարձան է. սրա նպատակն այն է, որ իրենցից բացի այլ մարդիկ ներկայացնեն այդ գաղափարները, որ հետո հեշտ լինի. վտանգը դա է. էստեղ ես բիզնես շահը տեսնում եմ, քաղաքական նպատակները չեմ տեսնում»,- ասաց նա:

Պետրոսյանը նշեց, որ վերջին տարիներին հետևողականորեն ոչնչացվել են Հին Երևանը հիշեցնող, խորհրդային ճարտարապետության գեղեցիկ հուշարձանները: «Ծածկած շուկան արդեն չկա, Օպերան շրջափակված է սրճարաններով, այլ բազմաթիվ շենքեր քանդվեցին, իսկ Հրապարակը վերջին մոհիկանն է Հին Երևանի ժառանգությունից»,- նշեց նա: Ճարտարապետի խոսքով՝ մրցույթը լիովին բաց չէ, այլ «էլիտար շրջանակի համար է»: «Իրեն հարգող ճարտարապետը չի կարող յոթ էջանոց նման փաստաթղթի հավանություն տալ»,- նշեց նա՝ հավելելով, որ մրցույթի մասին հայտարարությունն ընդունվել է հապճեպ:

Նրա դիտարկմամբ՝ պետք է նվազագույնը հինգ տարով արգելել Փոքր Կենտրոնի կառուցապատումը, որպեսզի հնարավորություն ստեղծվի «Կենտրոնից տաս րոպե հեռավորության վրա գտնվող» ծայրամասերի զարգացման համար: Սակայն, Պետրոսյանի դիտակմամբ, մի քանի մարդ մեծ ամբիցիաներ ունեն իրենց անունը Կենտրոնի շենքերի վրա տեսնել, և բախվել են անձերի ամբիցիաներն ու քաղաքաշինության սկզբունքները:

Օրեցօր ավելացող օձերի՝ բնակարան մտնելու մասին ահազանգերը ևս, նրա խոսքով, քաղաքաշինական սխալ լուծումների արդյունք են: «Եթե մենք Հրազդանի ձորում այսպիսի աղմուկ ենք լցրել, Ավանի հանքը կտրելով գալիս ենք, Աջափնյակի աղբակույտերը մեծանում են, բա էդ օձերը ի՞նչ պիտի անեն, պիտի քաղաք մտնեն,- ասաց նա:- Կա նաև ագռավների խնդիրը, որ աղբի շատանալու հետ է կապված: Բայց բոլոր այդ խնդիրները հայտնի լուծումներ ունեն: Հեծանիվ պետք չէ հնարել»:

Սարհատ Պետրոսյանի դիտարկմամբ՝ պետպաշտոնյաները զբաղված են միայն հող ծախելով, այլ ոչ թե՝ իրական խնդիրներով: Բոլոր ջանքերը՝ ուղղված տրանսպորտի շարժի դյուրացմանը, ըստ նրա, շուտով բերելու են հակառակ արդյունքին, քանի որ ավելի են շատանալու մեքենաները, և նորակառույց փողոցները ևս չեն հասցնելու սպասարկել դրանց. «Դրանք դասագրքային ճշմարտություններ են, բացեք կարդացեք»,- ամփոփեց նա:

Մեկնաբանել