Արտակ Բուդաղյանն ի վիճակի է ցուցմունք տալ. վիրահատող բժիշկ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց հունիսի 1-ի երեկոյան փոխհրաձգության հետևանքով վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանն ի վիճակի է ցուցմունք տալ: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Բուդաղյանին վիրահատած բժիշկ Սևակ Շահբազյանը` նշելով, որ չնայած ցուցմունք տալը իրավապահ մարմինների խնդիրն է, բայց ինքը կարծում է, որ Բուդաղյանն ի վիճակի է: Նա նշեց, որ Բուդաղյանն իրեն արդեն նորմալ է զգում:

«Արդեն ապաքինման գործընթացն է սկսում, և իրավիճակը դեպի միջին ծանրության է գնում, ինձ թվում է դեպի լավն է գնում»,- ասաց բժիշկը` հավելելով, որ չնայած Բուդաղյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բայց հնարավոր է` առաջիկա մեկ-երկու օրում տեղափոխվի այլ բաժանմունք:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմացի հատվածում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Սպանության փաստով կալանավորվել են Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:

Մեկնաբանել