Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում այսօր տեղի ունեցավ ԱԱ-2014-ի որակավորման փուլի՝ Դանիա- Հայաստան հանդիպումը:
Նախորդ՝ Մալթա-Հայաստան խաղից հետո Հայաստանի հավաքականը Դանիայում դաշտ դուրս եկավ մի փոքր փոփոխված կազմով՝ Ռոման Բերեզովսկի, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Ալեքսանյան, Կամո Հովհաննիսյան, Գևորգ Ղազարյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան, Հենրիխ Մխիթարյան, Արազ Օզբիլիս և Յուրա Մովսիսյան:
Ի տարբերություն նախորդ խաղի՝ այստեղ խաղի հենց սկզբից դաշտում էր Յուրա Մովսիսյանը, ով հանդիպման առաջին իսկ րոպեին Արազ Օզբիլիսի փոխանցումից հետո առաջին գոլը գրանցեց:
Դանիացիների գրոհը բավական ակտիվ էր, սակայն Հայաստանի հավաքականը կարողացավ իր դարպասն անառիկ պահել՝ երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը: Երկրորդ գոլի հեղինակն էր Օզբիլիսը, ով հանդիպման 19-րդ րոպեին փոխանցում ստացավ Վալերի Ալեքսանյանից և կրկնապատկեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսում ևս Հայաստանի գեղեցիկ և ակտիվ խաղն ուրախալի արդյունքներ պարգևեց: Յուրա Մովսիսյանը երկրորդ անգամ գրավեց Դանիայի դարպասը՝ գրանցելով երրորդ գոլը: Չորրորդ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը հանդիպման ավարտից 8 րոպե առաջ: Այս հաղթական հարվածից հետո մարզիչ Վարդան Մինասյանը որոշեց Յուրա Մովսիսյանին փոխարինել Արթուր Սարկիսովով, և նկատենք, որ երբ Հայաստանի հավաքականի ռմբարկուն հեռանում էր մարզադաշտից, նրան հոտընկայս ծափահարում էին նաև դանիացի երկրպագուները:
Այսպիսով, ընտրական B խմբում Հայաստանի հավաքականը վաստակեց վեց միավոր: Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումներից հետո Հայաստանի ընտրանին ուներ 3 միավոր, Դանիայի հավաքականը՝ 6: