Որոտանի անորոտ վաճառքը

Նախօրեին ամերիկյան էներգետիկ մի ընկերություն՝ «Կոնտուր գլոբալ» անունով, հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ կառավարության հետ «ակտիվ բանակցությունների» փուլում է՝ Որոտանի հէկերի համալիրը գնելու շուրջ:

Վերջին շրջանում, երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանից ներկրվող գազը թանկանում է, և որ Հայաստանի կառավարությունը կսուբսիդավորի գազի սակագնի բարձրացումը, մամուլում և սոցցանցերում ակտիվ քննարկվում էր, որ այդ սուբսիդավորման հնարավոր աղբյուրը կարող է լինել կառավարության հաշվեկշռում մնացած թերևս վերջին խոշոր ակտիվը՝ Որոտանի հէկը:

Մի կողմ թողնելով հարցը, թե որքանով է արդյունավետ գազի համատարած սուբսիդավորումը, կամ որքանով է նպատակահարմար Որոտանի հէկի վաճառքը, երբ դրա վերազինման համար գերմանական KFW բանկը պատրաստ է մատչելի ֆինանսավորում տրամադրել (տե՛ս «Որոտանը երևացել է Նյու Յորքից» հոդվածը), պետք է ընդգծել, որ Որոտանի հէկի հնարավոր վաճառքի մասին լուրը հերթական վկայությունն է այն բանի, որ կառավարությունը թափանցիկ չի աշխատում: Ավելին՝ Հայաստանի քաղաքացուն պատկանող ակտիվի հնարավոր վաճառքի մասին այդ քաղաքացին իմանում է ամերիկյան ընկերությանը խորհրդատվություն տրամադրող բուլղարական ինչ-որ ընկերության տարածած հաղորդագրությունից: Իսկ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, որ վերջին շրջանում լրագրողների հարցմանն ի պատասխան մշտապես լռել է Որոտանի հէկի վաճառքի մասին, երեկ Ազգային ժողովում հաստատել է, որ հէկի վաճառքի շուրջ իսկապես բանակցություններ են ընթանում տարբեր ընկերությունների, այդ թվում՝ «Կոնտուր գլոբալի» հետ: Ավելի վաղ կառավարությունը ոչ միայն լռում էր, այլև հերքում էր, որ բարձրացել է Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը՝ ասելով, թե բանակցությունները շարունակվում են:

Հետաքրքիր իրավիճակ է. մի կողմից իշխանությունները խոսում են հրապարակային և բաց քաղաքականության ու գործելաոճի մասին, մյուս կողմից՝ ամեն կերպ հանրությունից թաքցնում են այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսին գազի գնի բարձրացումն է կամ Որոտանի հէկի հնարավոր վաճառքը:

Հանրությանը կարիք չկա բանակցությունների մանրամասները ներկայացնել մինչև դրանց ավարտը, եթե դա խանգարելու է գործարքի հաջողությանը, սակայն նորմալ պետությունում հանրությունը պետք է իմանա՝ ինչպես են տնօրինվում իր ակտիվները:

Մեկնաբանել